ԿՐԱԿՈՑ` ԹԻԿՈՒՆՔԻՑ…

 

Սվետլանա  Մարգարյան

ՆԵՐԵ՝Ք  ՄԵԶ,   ՏՂԱՆԵՐ...

 

Ճշմարտությունից փախչել չեմ ուզում… Ճշմարտության առաջ աչքերս փակել չեմ կարող… Հոգիս ընդվզում Է բանտված Ճշմարտության համար և ինձ թելադրում ասել.՝

Ներեք մեզ ՏՂԱՆԵՐ,՝ ներեք ինձ՝ ապերախտիս, որ լռել եմ այսքան տարիներ, որ իմացել եմ իրականությունը, գնահատել ձեր արարքը, բայց եղել եմ ապերախտ ժողովրդի մի մասնիկը… Ներեք ու հասկացեք, որ մեր ազգին շաաա՜տ բնորոշ բացասական հատկանիշներից մեկը, դա ապերախտությունն Է իր մեծերի, իր Ճակատագիրը կերտողների հանդեպ… Այս նույն ցավն զգաց իր մաշկի վրա նաև Մեծն Նժդեհը, երբ Հայրենիքից ստիպված եղավ հեռանալ ասելով՝ Իմ սերն ու օրհնանքը քեզ, ապերախտ ժողովուրդ… Նժդեհին լքեց նույն այն ժողովուրդը, որի համար նա մաքառել Էր, նվիրելով իր կյանքն ու ապագան, որի կանանց ու մայրերին բազմաթիվ անգամներ փրկել Էր պղծությունից, այն ժողովուրդը, որի համար ՆԱ հայրենիք Էր ապահովվել…

Այսօր ես, որպես մի մասնիկն այդ ապերախտ ժողովրդի, պարտքս եմ համարում բարձրագոչել այս մասին ու խնդրել ներում… Մենք ապերախտ գտնվեցինք ձեր հանդեպ, մեր լռությամբ, վախկոտությամբ, երեսպաշտությամբ ապականեցինք, ցեխին հավասարեցրինք կյանքեր արժեցած Ձեր այն մեծ գործը, որին դուք ձեռնամուխ եղաք հանուն մեզ, հանուն ձեր ժողովրդի ու երկրի ապագայի… Դուք հավատացիք մեզ, իսկ մենք՝ ոչ, դուք եղաք թիկունք ձեր մի բուռ դարձած, հարստահարված, թալանված, խոշտանգված, խաբված ու ծաղրված ժողովրդին ու երկրին, իսկ մենք լքեցինք Ձեզ, մենք թույլ տվեցինք որ տեղի ունենա ՀՐԵՇՆԵՐԻ հաղթարշավ, մեր լռությամբ ու վախկոտությամբ մենք լուռ համաձայնություն տվեցինք արդարության կշռաքարերի կամավոր տեղաշարժման և դուք, ձեր նվիրման ծանր բեռը շալակած հայտնվեցիք կյանքի հատակում, այնտեղ, որտեղ պետք Է հայտնվեր իրականում ձեր զոհը՝ ժողովրդի հոգեառը… Մենք Ձեզ «պարգևատրեցինք» ցմահ բանտարկությամբ, մենք մերժեցինք մեզ օգնության հասած Ձեր բազուկը և պատվո պատվանդանին բարձրացրեցինք « նրան», ով կեղեքեց, լլկեց մեզ, ով մեր նվիրումը շուկա հանեց ու վաճառեց և միակ գնորդն էլ ինքը եղավ, սեփականացնելով այդ նվիրումի պտուղները, մենք վճռական պահին, մե´զ համար վճռական պահին չկանգնեցինք Ձեր կողքին… Դուք եկաք դեպի մեզ, եկաք որպես ապավեն, բայց մենք դավաճանաբար երես դարձրեցինք ձեզանից, մենք շղթայեցինք ձեր ձեռքերը, այն ձեռքերը, որոնք ազատության, արդարության լույսն էին բերում մեզ… Ինչպե՞ս պիտի դուրս գանք այս ահավոր մեղքի տակից, ի՞նչ պատասխան պիտի տանք Աստծո ու սերունդների առաջ… Գիտեմ ծիծաղելի, քստմնելի են աղաչանքներն իմ ներման, բայց…Ներեք մեզ, ՏՂԱՆԵՐ, եթե կարող եք, որովհետև ԴՈՒՔ ավելի, անհամեմատելի բարձր եղաք մեզանից՝ ձեր ապերախտ ժողովրդից…

 

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

31.10.2009թ.

ՊԱԿ-ի նախկին կալանավոր Սվետլանա Մարգարյան

 

«Հարգելի խմբագրություն, ձեր թերթի փետրվարի 7-ի և 10-ի համարներում դուք զետեղել էիք «Նամակ Բելգիայից» վերտառությամբ իմ հոդվածը: Այնտեղ ես խոսում էի լևոնյան բռնակալության տարիների, ՊԱԿ-ի բանտից (ուր անցկացրեցի ճիշտ 2 տարի) Վազգեն Սարգսյանին գրած իմ բաց նամակի մասին` ի պատասխան նրա պահանջների, այն է՝ հանուն մեր ազատության «վաճառվել» իրենց և մտնել ՀՀՇ: Այդ բաց նամակս, որը ժամանակին բազմացրել ու վերցրել էին Գլխավոր դատախազության շատ աշխատողներ, որը նաև կցվել էր մեր գործին, ուղղակի ցնցել էր «սպարապետ» Վազգեն Սարգսյանին` իր իսկ ասելով: Եվ վրեժխնդիր «սպարապետի» անմիջական կարգադրությամբ, նամակիցս ուղիղ 5 օր անց ինձ վրա բարդվեցին այն ժամանակվա Քրեական օրենսգրքի բոլոր, ամենածանր մեղադրանքները, որոնցից մի քանիսը մինչև մահապատիժ էին սահմանում: Ինչպես դատարանում իմ վերջին խոսքում ասացի՝ այս վրիժառու, փոքրոգի «մեծ հայրենասերը», եթե մի փոքր էլ առաջ գնար իր հիվանդագին երևակայության մեջ, գուցե մոռանար իմ կին լինելու հանգամանքը և ինձ վրա բարդեր բաց թողած ևս մի վերջին մեղադրանք՝ բռնաբարության մեղադրանքը, քանզի մնացած բոլոր մեծ ու փոքր, ծանր ու խայտառակ մեղադրանքներն արդեն իսկ բարդել էր տվել ինձ վրա, և դա այն դեպքում, երբ ջոկատի ձերբակալված ոչ մի անդամ դեռևս իր վրա չուներ այդպիսի ծանր և ոչ մի մեղադրանք:

Հայրենասերի, ազգային հերոսի վառ լուսապսակով զարդարել մի մարդու, որը ժամանակին իր քաջնազարյան բախտից արբած` կործանեց բազմաթիվ կյանքեր ու ճակատագրեր, որն, իրոք, խայտառակ, ազգադավ գործարքների մեջ մտավ մեր թշնամու՝ ադրբեջանցիների հետ, ինչի հետևանքով կորցրինք մեր՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքներ ու նաև Շահումյանի շրջանն ու Գետաշենը, որի հանցավոր արարքները, թալանը չափ ու սահման չունեին, մարդ՝ որին դեռ հաշված տարիներ առաջ անիծում էին հազարավոր հայ մայրեր, որի նորակառույց ապարանքի ամեն մի քարը դրվել էր աղետի գոտու մեր ազգակիցների զրկանքների հաշվին, զոհված ազատամարտիկների թափած արյան, նվիրաբերած կյանքերի հաշվին, առնվազն, այո՜, դավաճանություն է: Եվ եթե ոմանց ուղղակի ինչ-ինչ նպատակներով անհրաժեշտ էր և այսօր էլ դեռ անհրաժեշտ է Վազգենին հավերժացնել որպես ազգային «հերոս», ապա շատերը, անտեղյակ իրականությանը, հոսանքի տակ ընկած երկրպագում են ոչ մի ճակատում երբեք և ոչ մի գնդակ չարձակած այս «քաջ սպարապետին», որն այն տարիներին, ըստ Շահեն Մեղրյանի հայտարարության, ուղղակի մերժել էր Երևանից զրահատեխնիկա ուղարկել դավաճանաբար լքված ու թշնամու կատաղի գրոհի դեմ մեն-մենակ մարտնչող շահումյանցիներին, ինչի հետևանքով Մեղրյանի համոզմամբ և ունեցած փաստերի՝ ներքին փոխադարձ պայմանավորվածությամբ Շահումյանը հանձնվեց թշնամուն, իսկ Մեղրյանը դարձավ «օդային աղետի զոհ»: Ոմանք էլ՝ իրոք տեղյակ, Վազգենին լավ ճանաչող մարդիկ, լռում են, ուղղակի աչք փակում այս խայտառակության վրա` հանցավոր կերպով թույլ տալով ստի և կեղծիքի հաղթարշավը: Մեր լռությունը ստի և անարդարության հաղթանակն է, ինչը ոչ մի կերպ թույլ տալ չի կարելի՝ հանուն զոհված մեր ընկերների, հանուն մեր սերունդների և մեր պատմության...

Ահա թե ինչու, հարկ համարեցի ձեզ տրամադրել այն տարիներին Վազգեն Սարգսյանին գրած իմ «բաց նամակը» ` առանց որևիցե փոփոխման, ինչը գտնում եմ, որ դեռ այսօր էլ շատ արդիական է: Թող սա դիտվի որպես «Իմ սպարապետը» անցկացվելիք շարադրություն-մրցույթի մի օրինակ, և մարդիկ իմանան, թե ինչպիսին էր իրականում «ԻՄ սպարապետը» ...

 

 

 

«Բաց նամակ Վազգեն Սարգսյանին

 

Նախ ասեմ, որ այս նամակը գրում եմ ձեզ Երևանի ՊԱԿ-ի բանտից, ուր գտնվում եմ ճիշտ մեկ ամիս: Հավատացած եմ, որ տեղյակ եք և դեռ ավելին... Միայն կցանկանայի նամակս ընթերցեիք մինչև վերջ, որը ձեզ գուցե խորհելու առիթ տար: Մեր ծանոթությունը կայացավ 1989թ-ի երկրորդ կեսին: Ինչպես ինձ թվաց, դուք ուրախությամբ իմացաք, որ ես Սամվելի քույրն եմ: Եվ ընդամենը 2-3 ամիս հետո դուք մեր հանդեպ դրսևորում էիք ոչ հարգալից վերաբերմունք: Պատճառն այն էր, որ մենք՝ լինելով ԱԻՄ անդամ, «հանդգնել» էինք միտինգիում պատմել Արտաշատի ՀՀՇ-ի անդամների կողմից կատարված խայտառակությունների մասին: Խոսքս Գորիսում գտնվող մեր ջոկատին կրկնակի գներով զինվորական կոշիկ, տափաշիշ և նույնիսկ փամփուշտներ վաճառելու մասին է: Այդ մասին ես հայտնեցի ձեր վարչությանը: Եվ դուք՝ անձամբ ինքներդ, սկսեցիք իմ դեմ ձեռնարկել մի գործողություն, որը վայել էր միայն ստախոս, բամբասկոտ և խառնակիչ կնոջ (խոսքս Լայերթին ձեր կողմից հաղորդածների մասին է): Հետո ես տեսա, որ «Անկախության բանակ» -ի անվան տակ անձնուրացաբար կռվող տղաների փառքն ու պատիվը ձեզ այնքան էլ դուր չեն գալիս: Բազմաթիվ անգամներ ի սկզբանե առաջարկվել էր մեր ջոկատին մտնել ՀՀՇ-ի ենթակայության տակ, և միշտ էլ մերժվել էր տղաների կողմից:

Իսկ ովքե՞ր էին նրանք` սկսած Սամվելից և վերջացրած վերջին մարտիկով: Դրանք այն տղաներն էին, որ եռագույն փոքրիկ դրոշները գլխարկներին ամրացրած` իրենց կյանքն էին նվիրաբերում ազգին Կոռնիձորում, մինչդեռ դուք, այդ ժամանակ, Ազատության հրապարակում ոտքերի տակ գցած պատառոտում էիք Մովսեսի բարձրացրած այդ նույն եռագույնը: Նրանք մարտիկներ էին, որոնք հենց անձամբ ձեր օգնության կանչին առաջինը նետվեցին թշնամու դեմ՝ Երասխում: Ես էլ, թողած տանը 7-ամյա դստերս, 2-րդ անգամ մայրանալու վիճակիս մեջ, մահացու գնդակների տակ զինամթերք էի հասցնում նրանց մինչև լուսաբաց: Մինչդեռ դուք ինքներդ և ձեր ընկերները անցել էիք «կաբինետային» հրամանատարության: Այո, հպարտությամբ եմ գրում այս բոլորը, որովհետև մենք ոչինչ չխնայեցինք ազգի պաշտպանության համար: Մեր ընտանիքից մասնակցում էինք չորսս, որովհետև այդ ոգով էր մեզ դաստիարակել ու մեծացրել վանեցի պապս, որի հոր՝ դաշնակցական Խաչատուր Մարգարյանի և Վանի ինքնապաշտպանական կռիվների մարտիկ պապիս արյունն էր հոսում մեր երակներում:

Վերջապես, Վայքի կռվից հետո սկսվեցին Արտաշատում մինչև օրս շարունակվող դեպքերը: Ո՞ւր էիք դուք այդ ժամանակ, ինչո՞ւ չեկաք հաշտեցնելու թշնամացած 2 խմբավորումներին, մանավանդ որ, ինչպես լսել եմ, բավականին մտերիմ էիք լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանի հետ: Թե՞ այդ ժամանակ ձեզ ձեռնտու էր այդ վիճակը: Մեր զենքը, որ միշտ գործել էր թշնամու դեմ, այժմ ուղղվել էր հայի դեմ, և ոչ թե սպանելու դիմացինին, այլ՝ դիմացինից պաշտպանվելու համար: Եվ այդ բոլորը հրաշալի առիթ էր` տապալելու և վարկաբեկելու մեզ, որովհետև մենք չէինք ընդունում պաշտոնների ձգտող ձեր մոլուցքը: Անվիճելի ճշմարտություն է, երբ մի կառավարություն իր գործունեության սկիզբը դնում է բանտերում նորանոր մարդիկ ավելացնելով` դա իսկական բռնակալություն է: Իսկ դուք սկսեցիք այդպես: Այսօր բանտերում են բազմաթիվ մարտիկներ, և կավելանան դեռ շատերը: Խեղկատակություն է թվում ամնիստիայի անցկացումը, որովհետև ազատվածների փոխարեն, լի ու լի կհամալրվեն բանտարկյալների շարքերը: Եթե դատելու լինենք մեր, կամ՝ ՀԱԲ-ի ու մյուսների կատարած «հանցագործություններով», ուրեմն հանցագործների այդ շարքը պետք է գլխավորեն հենց ձեր կազմակերպության անդամները, որոնք, 1988թ-ից սկսած, մեծ ջանասիրությամբ հավաքեցին ու վատնեցին ժողովրդի գումարները, հենց ձեր ղեկավարած Արարատի ՀՀՇ-ի տղաները յուրացրեցին Խալիսայի ադրբեջանցիներից թալանած մեծ քանակությամբ ոսկեղենն ու փողերը, մինչև այսօր էլ «Երկրապահ» կոչվող ջոկատները մորթում և վաճառում են հակառակորդից խլած անասունները և՜ մեզ մոտ, և՜ Արցախում: Ավտոմեքենաների մեծ մասը գողացվել, վաճառվել և օրինականացվել է ձեր կազմակերպության անդամների կողմից, օդանավակայանի զենքերը, որոնք մի քանի օր շարունակ խնդրում էին վերադարձնել, գտնվեցին Արտաշատի ՀՀՇ-ի տղաների մոտից, Գորիսի գյուղերում մի քանի ամիս առաջ վաճառված պարկերով ալյուրը, կատարվել էր նորից ձեր դրոշի տակ «կռվող» տղաների կողմից, և այսպես կարելի է երկար թվարկել: Իսկ այդ բոլորի առաջ այսօր աչք եք փակում` հարվածն ուղղելով միայն մի՜ կողմ՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» - սկզբունքով: Դուք որդեգրել եք բոլշևիկների 1921 թվականի գործը, և «բանդա» եք համարում նրանց, ովքեր ունեն ուրիշ համոզմունքներ, ճիշտ այնպես, ինչպես կարմիրները՝ սպիտակներին: Ձեր շարքերում կան որոշ խելացի մարդիկ, ովքեր առաջնորդվում են իրոք ազգային մտածելակերպով: Սակայն դուք և ձեր նման մի քանիսը, պատահականություն եք ձեր գրաված դիրքերում: Ամբողջ իրավաբանների հսկա «բանակը», թեկուզ նրանցից շատերը կոմունիստական տոմս ունեն գրպաններում, այսօր հաշվետու են ձեզ: Սա շատ զավեշտական է, և հենց այդտեղից է բխում չարիքը: Դուք չունեք հոգու մեծություն և ծանրակշիռ մարդ չէք: Այս իրողությանը հանգեցի վերջնականապես, երբ լսեցի, որ Գերագույն խորհրդի վրա կատարված կրակոցները դուք բարդում եք ինձ վրա և կապում Սամվելին ձերբակալելու հետ: Կարող եմ ձեզ տեղեկացնել, եթե «չգիտեք» մինչ այժմ, որ դուք բռնություններով ու սխալներով ձեր դեմ եք հանել բավականին մարդկանց: Սակայն նման մի քայլ կատարողը, ով էլ որ լինի նա և ինչի համար էլ որ կատարած լինի, արժանի է ծանր պատժի, քանզի կույր գնդակը չի տարբերում շենքում գտնվող ազնիվ և անազնիվ մարդկանց: Դուք շատ լավ գիտեք, որ Սամվելից հետո տղաները կլսեին ինձ, ուրեմն պետք է քաջ գիտենայիք, որ ես, համենայնդեպս թույլ չէի տա, որ նույն օրը առավոտյան Մոսկվայից տրվող «120 րոպե» հաղորդման ժամանակ մեզ «բանդա» որակելը հաստատվեր այդպիսի անմիտ քայլով: Եթե տրամաբանորեն դատելու լինենք, այդ կրակոցները ավելի շուտ ուղղված պետք է լինեին այն տան ու մարդկանց վրա, ովքեր հոկտեմբերի 16-ին, օրը ցերեկով, հենց դատախազության դռան մոտից առևանգել էին հորս: Սակայն ես դեմ էի նույնիսկ դրան, էլ ուր մնաց Գերագույն խորհրդի շենքի պատերին կրակելու անմիտ քայլին: Այդ օրերին մեզ մոտ նույնիսկ ատրճանակ չի եղել, բոլոր զենքերը վաղուց հավաքված էին: Ձեզ կասեմ հետևյալը՝ դեպքը պարզապես վատ կազմակերպված կեղտոտ պրովոկացիա է: Կազմակերպիչները չեն մտածել, որ այդ նույն ժամանակ մենք Արտաշատում միտինգ ենք անցկացնում, քանի որ միտինգի հայտարարությունը ես գրել և փակցնել էի տվել նույն օրը` ժամը 13-ին, այսինքն` կրակոցներից 2 ժամ առաջ, որը, բնականաբար, նախատեսել ու հաշվարկել չէին կարող պրովոկացիան կազմակերպողները: Ես կասեի, որ դա նույն ձեռքի գործն է, որը Երասխում գնդակահարեց Մովսեսին, հետո Կիրովի սովխոզցի Պարգևին, հետո՝ Գեղազնիկին ու Վիտյային և Նոյեմբերյանում կռվող ՀԱԲ-ի Գդլյանին ու նրա նմաններին... Ներեցեք, բայց ինչ-որ մեծ ջանքեր եմ տեսնում ձեր կողմից, այդ դեպքը հատկապե՜ս մեզ վերագրելու համար: Ինձ թվում է, որ հատկապես ի՜նքդ շատ կցանկանայիր, որ դա իրոք մեր կողմից կատարված լիներ...

Հատուկ միտում եմ տեսնում նաև այն բանում, որ ձերբակալվում են միայն մե՜ր ջոկատի մարտիկները` անկախ կատարած կամ՝ չկատարած հանցանքից, որովհետև ձերբակալվածների մեջ կա ն մարդիկ, որոնք ոչ մի հանցանք չեն կատարել: Եթե Ադրբեջանին պատկանող մեկ վագոնի «թալանման», վաճառքի և գումարը ծախսելու հետ ես և շատերը ոչ մի կապ չունենք, չնայած մեղադրվում ենք նաև դրանում՝ ըստ ձեզ՝ «եղբայրական Ադրբեջանին» նյութական վնաս պատճառելու համար, ապա ինչու՞ մեր կողքին չեն ՀՀՇ-ի այն անդամներն ու ջոկատի տղաները, որոնք ոչ միայն իրոք մասնակցել են ադրբեջանական այդ վագոնի «թալանին», այլև գործարաններ ու գյուղեր են տարել վաճառելու ապրանքը: Նրանք երևի հանդես կգան որպես վկաներ, քանի որ Սամվելի ջոկատից չեն: Չմտածեք, որ ես ցանկանում եմ նրանց ևս տեսնել մեղադրյալի աթոռին: ՈՉ: Պարզապես մեր հանդեպ իրագործվող դիտավորությունն է հարցը: Հորս առևանգելուց, մեկ ու կես ամիս պահելուց ու տանջելուց հետո, տեղափոխելով նրան Սոչի, այնտեղ են բաց թողել այնքան մեծ չարիքների, սպանությունների պատճառ հանդիսացող մարդիկ՝ ՀՀՇ-ի զինված ջոկատ ներկայացող լանջազատցի սրիկաները, որոնք այս դժվարին օրերին թիկունքից հարվածելով շարժմանն ու նրա նվիրյալ մարտիկներին` մինչ օրս վայելում են իրենց ազատությունն ու ձեր հովանավորությունը: « Ուժն է ծնում իրավունք »,- ասել է Նժդեհը, և ես չեմ ցանկանում մտածել, որ այս իմաստուն խոսքերն են ձեր ամենաթողության խթանիչը հանդիսանում: Սակայն առ այսօր դա է իրականությունը, քանզի շրջանում տիրող վիճակի, նաև հորս հարցով ձեզ ուղղված բոլոր դիմումները մնացին որպես «ձայն բարբառո հանապատի»:

Եվ հենց այս բոլորն է, Վազգեն, որ վաղ թե ուշ, մի մեծ հարցական դարձած` դրվելու է հատկապես քո, քո զավակների և թոռների առջև: Մի օր, եթե ոչ ես՝ քեզ, ապա իմ դուստրը գուցե քո զավակներին հարց կտա, թե ի՞նչն էր պատճառը, որ ինքը զրկվեց մայրական խնամքից ու գուրգուրանքից: Եվ ինչ էլ լինի պատասխանը՝ արդարացում չի գտնի, քանի որ նա ևս կիմանա վերը թվարկած դեպքերի մասին և կիմանա դեռ ավելին...

Այսօր դուք կգնաք տուն, ոմանք կվայելեն զավակների սերն ու քնքշանքը, իսկ մեր զավակները, իմ դուստրը, գուցե շատ երկար սպասեն այդ օրվան: Եվ այստեղ «լավ կլիներ ձեզ մեկ անգամ ևս հիշելու զորավար Անդրանիկի խոսքերը. « երբ գլուխդ բարձին կդնես քնանալու, մի փոքր հիշիր ու մտածիր հարևանիդ մասին, ով էլ որ լինի նա...»:

Թող անհամեստություն չթվա, եթե ասեմ, որ ես, կյանքում եղա շատ, չափազանց ազնիվ, պայքարեցի անազնվության յուրաքանչյուր դրսևորման դեմ, և ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք ինձ տեսավ հենց այդպիսին: Այսօրվա կատարած մեր յուրաքանչյուր քայլը, ճակատագիր ու պատմություն է մեր սերունդների համար: Այս առումով, ես շատ հպարտ եմ ու հանգիստ, մինչդեռ դուք, ձեզ դատապարտում եք գլխիկոր կանգնելու պատմության դատաստանի առաջ:

Դուք մեզ դարձրեցիք ձեր իսկ կողմից ստեղծված իրավիճակի քավության նոխազ: Մենք՝ ազգային ողբերգության հերթական զոհերն ենք, ձե՜ր ստեղծած ողբերգության, և ապագայի համար, ես խղճում եմ ձեզ ու ձեր սերունդներին, որովհետև՝ դու՜ք, մեր ժամանակի ավիսներն ու աթարբեկյաններն եք...

Հայաստանի Հանրապետական  կուսակցության  անդամ` 

 

ՊԱԿ-ի   կալանավոր`   Սվետլանա   Մարգարյան  04.12.1990թ.»

ՀՀ Գլխավոր դատախազ պ. Ա.Գևորգյանին  

Պատճեն՝ ՀՀ Գերագույն Խորհրդի 4-րդ նստաշրջանին

ՀՀ Գերագույն Խորհրդի մարդու իրավունքների

պաշտպանության մշտական հանձնաժողովի

նախագահ պ. Ռ. Պապայանին

ՀՀ Գերագույն դատարանի կոլեգիայի անդամ,

նախագահող պ. Զ. Ղուկասյանին

ԱԻՄ-ի նախագահ պ. Պ. Հայրիկյանին

ՀՀ ՊԱԿ-ի մեկուսարանի կալանավոր

 

ԽՈՍՔ ՊԱԿ-ի ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ

    ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

 

 

Սիրելի հայրենակիցներ, ես գիտեմ, որ դուք, փետրվարյան այս ցրտաշունչ օրը, հազարավոր անմեղ զոհերի ու նահատակների կսկիծը ձեր սրտում, եկել եք կրկին Անկախության Հրապարակ: Այսօր, Սումգայիթյան արյունոտ ջարդի չորրորդ տարելիցի կապակցությամբ, իմ վշտահար, բայց և ըմբոստ հոգու կսկիծն պայքարի անկոտրում կամքն եմ միացնում Ձեր կսկիծին ու կամքին:

Ես հոգով քեզ հետ եմ, Ա´զգ: Ես, ՊԱԿ-ի կիսախավար նկուղում, վանդակապատ պատուհանից իմ հայացքն եմ ուղղում միշտ երկնքի այն փոքրիկ պատառիկին, որի տակ թևածում է այժմ քո բողոքի ու արդարացի պահանջի ձայնը: Անվիճելիորեն ճշմարիտ ես Դու:

Ավա՜ղ, կալանավորի իմ այսօրվա վիճակը, ինձ հնարավորություն չի տալիս լինել Ձեզ հետ: Ես ներկա ժամանակի զոհերից մեկն եմ, մեկը այն հարյուրավորներից, որոնք թեպետ ակտիվորեն պայքարեցին ազգի ազատության համար, բայց հայտնվեցին մեկուսարաններում, քանի որ մերժեցին ընդունել ազգային-ազատագրական պայքարը աթոռակռվի նենգափոխելու ՀՀՇ-ի «քաղաքական կուրսը»: 1990թ.-ի սեպտեմբերի 30-ին Անկախության Հրապարակում ԱԻՄ-ի անցկացրած Ազգահավաքի ժամանակ, իմ ելույթում արտահայտած մտքերիցս մեկը ես ավելի համոզված կրկնում եմ այսօր՝. «Իշխանության անցած ՀՀՇ-ի լիդերները որդեգրել և իրականացնում են 1921 թ.-ի բոլշևիկների խայտառակ գործը: Այսօր, ինչպես 21 թվականին, բանտերում են գտնվում նոր ժամանակի Համազասպները՝ ազգի զինվորները, նրանք՝ ովքեր իրենց կյանքն են դրել Ազգի ազատության զոհասեղանին Կոռնիձորում,, Վայքում, Մեղրիում, Երասխավանում, Նոյեմբերյանում և Արցախում: Ոչ մի երկրի, ոչ մի ազգի պատմության մեջ հնարավոր չէ գտնել այսպիսի մի դեպք, որ զինվորին, շինծու մեղադրանքներով, հանցագործի անվան տակ պահեն բանտում ա´յն ժամանակ, երբ երկիրը պատերազմի մեջ է: Իշխանության հեղինակավոր դեմքերը, իրավապահ մարմինների աշխատողները տեղին-անտեղին խոսում են և փորձում հավատացնել, թե ամեն ինչ անում են կառուցելու իրավական պետություն: Այդ ինչպե՞ս են փորձում կառուցել՝ լեփ-լեցուն բանտերո՞վ, հանուն իրենց խմբակային, կուսակցական շահերի մեզ նմաններին զոհ դարձնելո՞վ, իրավապահ մարմիններում բույն դրած հանցագործ կադրերո՞վ, որոնք ինչպես նախկինում, ճիշտ նույնությամբ էլ այսօր, ազգադավ մոտեցում են ցուցաբերում՝ գրչի մի հարվածով աշխատելով խորտակել մարդկային ճակատագրեր:

Այսօր էլ, ինչպես նախկինում, այսպես ասած՝ « իր դիմումի համաձայն», աշխատանքից ընդհամենը ազատում են բարձրաստիճան հանցագործին, ինչպես օրինակ Ներքին Գործերի նախարարի տեղակալ` Կառլեն Թորոսջանին, որի կազմակերպած ու ղեկավարած բանդայի անդամներ Ռուբիկ Հակոբջանյանը, Միշա Խուդավերդյանը (կծան Միշան) և մյուսները, որոնք բոլորն էլ կրկնակի և բազմակի դատապարտված հանցագործներ են, նույն այդ «ընկեր» նախարարի տեղակալ Թորոսյանի հրամանով ամբողջ 90 թվականին արյունոտ մարտերի թատերաբեմ էին դարձրել ողջ Արտաշատի շրջանը: Նրանք ելել էին ոչնչացնելու Սամվել Մարգարյանի կողմից ղեկավարվող «Անկախության Բանակ»-ի Արտաշատի ինքնապաշտպանական ջոկատը, ստիպելու՝ կամ ծառայել իրենց, կամ՝ հեռանալ ասպարեզից: Դա, Կոմունիստական Կուսակցության օրեցօր խարխլվող հիմքերը փրկելու վերջին ճիգերից մեկն էր, որին զոհ գնացին մոտ երկու տասնյակ կյանք, մաֆիայի կողմից տարածված սուտ ու հորինովի, սարսափազդու լուրերով վարքաբեկվեց Սամվել Մարգարյանի ղեկավարած ջոկատը, որն իր մարտունակությամբ առաջիններից մեկն էր ողջ Հանրապետությունում: Այսօր բանտերում են գտնվում այդ ջոկատի 14 մարտիկներ, որոնք ամիսներ շարունակ սահմանամերձ շրջանների անդորրը պահպանելու հետ մեկտեղ, մասնակցել են Հանրապետության սահմաններում տեղի ունեցած համարիա բոլոր մարտերին: Մեղադրյալ է դարձել նաև քաղաքական հայտնի գործիչ, նախկին քաղբանտարկիալ Հակոբջան Թադևոսյանը, որը 90 թ-ի մարտ-ապրիլ ամիսներին եղել է ջոկատի շտաբի պետը: Իրավական պետություն ստեղծելու մասին գեղեցիկ խոսքեր են ասվում, մինչդեռ ազատ շրջում են Արտաշատյան խայտառակ դեպքերի կազմակերպիչներ` Կառլեն Թորոսյանը, Արտաշատի Գործադիր Կոմիտեի նախկին նախագահ` Սեդրակ Սեդրակյանը, որին թեև կոմունիստներն հեռացրեցին զբաղեցրած պաշտոնից հենց այդ դեպքերի կապակցությամբ, բայց նոր կառավարության օրոք բազմեց Արտաշատի գինու գործարանի փոխտնօրենի բազկաթոռին, Արտաշատի ՆԳ բաժնի պետի նախկին տեղակալ Էդիկ Ալխասյանը, որին ևս այսպես ասած պատժեցին ընդհամենը աշխատանքից իր դիմումի համաձայն ազատելով: Մինչդեռ բանտերում ենք մենք: Մենք, որ չցանկացանք կույր գործիք դառնալ երկար տարիներ շրջանում հանցագործություններ կատարող մաֆիայի ձեռքին: Եվ դատապարտվում ենք, որ փորձել ենք պաշտպանել մեզ և մեր ընտանիքներին «օրենքի պաշտպաններ» կոչվող հանցագործների ղեկավարած մաֆիայից: Այդ ինչպե՞ս եղավ, որ հանկարծ ավելի հարազատ դարձան ընկեր կոմունիստները, իսկ խորթ՝ մենք: Ինչպե՞ս համընկան հանկարծ Կոմունիստական մաֆիայի ու իշխանության շահերը, որ նրանք մնացին իրենց տեղում, իսկ մենք հայտնվեցինք բանտերում բանդիտիզմի, մարդասպանության և խուլիգանության մեղադրանքներ վաստակած: Ինչու՞ հատուկ մոլուցքով մեզ վրա շինծու մեղադրանքներ բարդող ՀՀ Գլխավոր Դատախազությունը այնքան «անզոր» գտնվեց, որ չփորձեց հայտնաբերել 90թ-ի հոկտեմբերի 17-ին ՀՀ Գերագույն Խորհրդի վրա կատարված կրակոցների հեղինակին, դեպք՝ ինչը մի ժամանակ Վզգեն Սարգսյանի անմիջական ջանքերի շնորհիվ, կապում էին իմ անվան հետ, ինչն էլ, իմ խորին համոզմամբ՝ ինձ և դրսում եղած մյուս տղաներին ձերբակալելու առիթով կազմակերպված կեղտոտ պռովոկացիա էր: Հավատա՞լ, որ այդքան անզոր են հայտնաբերելու հանցագործին: Ո՞վ պետք է պատասխան տա տարիներ շարունակ Արտաշատի շրջանում կատարված մարդկանց անհայտ կորուստների, այսպես կոչված՝ չբացահայտված սպանությունների, 90-91թ-ին մաֆիայի զոհը դարձած բազմաթիվ կյանքերի, ավերածությունների համար: Ինչու՞ են թաքցվում դրանց հեղինակները, ինչու՞ են կոծկում կատարված դեպքերը: Ահա´, այսպես են ներկայումս փորձում իրավական պետություն կառուցել: Բանտերը դարձրել են անմեհջ-մեղավորների բնակավայր: Մարդկանց դատապարտում են հաշվի առնելով առաջին հերթին նրանց հավատարմության չափը իշխողներին, իսկ ամենաիսկական հանցագործներն ազատ շրջում են, քանի որ հավատարիմ են իշխող կուսակցությանը:

Մայրս ծնել է երեք զավակ, երեքս էլ Ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներ: Եվ այսօր երեքս էլ բանտերում ենք: Ջոկատի հրամանատարը՝ Սամվել Մարգարյանը, որն իմ ավագ եղբայրն է, Արտաշատի քաղխորհրդի պատգամավոր է, պատգամավորներ են նաև ջոկատի ուրիշ 4 անդամներ, բայց ոչ ոքի մտքով չանցավ երբևէ հարգել այս 5 պատգամավորների անձեռնմխելիությունը: Ի պատասխան, բերվում են ինչ որ սովետական օրենքներ, նրանց տառապանքները երկարաձգելու համար:

Ինքս, շուրջ մեկ ու կես տարի է, որ գտնվում եմ ՊԱԿ-ի բանտում: Երիտասարդ կին եմ, ունեմ անչափահաս երեխա, իսկ ինձ վրա բարդված են բանդիտիզմի մեղադրանք (չիմանալով թե այդ ի՞նչ բանդայի անդամ եմ եղել), և մարդասպանության մեղադրանք (չիմանալով մինչ օրս, թե այդ ու՞մ եմ սպանել): Համոզված եմ, հնարավորության դեպքում չէին զլանա նաև ինձ վրա բարդել բռնաբարության մեղադրանք: Չէ՞ որ, ինչպես ամիսներ առաջ հայտարարեց Վազգեն Սարգսյանը, պատժվելու են միայն սպանողները, թալանչիներն ու բռնաբարողները: Իսկ նրանք իրոք շատ են ցանկանում ինձ պատժել: Պատժել, որովհետև ըստ Վազգեն Սարգսյանի, շատ եմ հանդուգն և ի ցավ նրա, ունեմ փայլուն հիշողություն և հանդգնում եմ բաց նամակով հիշեցնել իր ղեկավարած Արարատի ՀՀՇ-ի և Արտաշատի ՀՀՇ-ի երբեմնի «քաջագործությունները»: Հենց դրա համար էլ ինձ մեկ ու կես տարի է հայտնում են, որ կմնամ բանտում այնքան ժամանակ, ինչքան որ անհրաժեշտ է: Միայն չեն հասկանում, որ բանտը ի զորու չէ ընկճելու մարդու ազատատենչ ոգին, այն մարդու, որը միշտ ձգտում է լույսը ճշմարտության, այն մարդու, որը նոր ոգի է ստանում քաջերի հաղթության լուրն առնելիս և ՊԱԿ-ի մգլոտ նկուղից սլանում է դեպի Անկախության Հրապարակ, բռունցք բարձրացնելու ընդդեմ բռնության ու կեղծիքի:

 

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ստորագրություն)

ՊԱԿ-ի նկուղից 28/02/1992թ.

Դիմում-Բողոք  

 

Գաղտնիք չէ, որ ներկա կառավարությունը իշխանության գլուխ անցնելուց անմիջապես հետո, այսինքն սկսած 1990թ. օգոստոս ամսից, Նուբարաշենի և ՊԱԿ-ի մեկուսարանները դարձրեց երկարատև «բնակության վայր » հայրենիքի սահմանների պաշտպանությանն առավել ակտիվորեն մասնակցություն ունեցած այն ջոկատների մարտիկների համար, ովքեր իրենց «չապահովագրեցին» ՀՀՇ կազմակերպությանն անդամագրվելով: Մինչև օրս, զանազան շինծու մեղադրանքներով այդ կիսախավար, մահահոտ զնդաններում են գտնվում բազմաթիվ մարտիկներ, որոնք ժամանակին իրենց ուսերին են տարել սահմանամերձ գոտիներում տեղի ունեցած արյունոտ մարտերի ողջ ծանրությունը: Այդ մարտիկների մեջ կան քաղխորհուրդների և գյուղխորհուրդների պատգամավորներ, մարտերի ժամանակ վիրավորվածներ, հաշմանդամներ, զանազան խրոնիկական հիվանդություններով տառապող մարդիկ, հիվանդություններ, որոնց մեծ մասը ձեռք են բերվել ցրտաշունչ լեռներում սահմանները հսկելիս:

Տեսնել կամ լսել էր պետք միայն, թե այդ մարտիկներից մեկին ինչպես էին «օգնություն ցույց տալիս» ՊԱԿ-ի մեկուսարանում 1992թ.-ի մարտի 4-ին:

Սուր հոդացավերի հետևանքով բանտային հիվանդանոց տեղափոխելու բժշկական նորմալ օգնություն ցույց տալու նրա պահանջներին մեկուսարանի աշխատակիցները պատասխանեցին 70 տարի շարունակ գոյություն ունեցած և այսօր էլ շարունակվող ՊԱԿ-ին հատուկ բարբարոս մեթոդներով: Մեկուսարանի ղեկավարության հրավերով 27 խուց ներխուժեցին մարդկային էությունից բոլորովին զուրկ, տարիներ շարունակ սեփական ազգի գլխին որպես մահակ գործածված, սովետական բարբարոսության բոլոր կանոնները սերտած ու դրանցով ամեն մարդկային բան իրենց հոգում բթացրած , միակ մարդկայինը՝ իրենց արտաքինը դիմակներով քողարկած ՊԱԿ-ի դահիճները, և խուլիգանական հայհոյանքներ տեղալով, փայտերով արյունոտելու աստիճան դաժանաբար ծեծեցին նախկին «Անկախության Բանակ»-ի Արտաշատի ջոկատի հրամանատար, Արտաշատի քաղխորհրդի պատգամավոր, Կոռնիձորի, Վայքի, Երասխավանի, Քյառքիի, Նոյեմբերյանի մարտերի մասնակից Սամվել Մարգարյանին, հասցնելով նրան մարմնական վնասվածքներ, կոտրելով պոչուկի ոսկորը: Մենք՝ բոլոր կալանավորներս, որպես բողոք, թակում էինք դռները: Բայց այդ թակոցների ձայնը ՊԱԿ-ի նկուղներից դուրս գալ չէր կարող:

Ո՞վ է իրավունք տվել ՊԱԿ-ի արյունառուշտ ժանդարմներին գազանաբար, արյունոտելու, մարմնական ծանր վնասվածք հասցնելու աստիճան ծեծել հիվանդ կալանավորին:

Սույն դիմումով իմ բողոքն եմ հայտնում ս/թ. մարտի 4-ին ՀՀ ՊԱԿ-ի մեկուսարանում տեղի ունեցած հանցագործության առթիվ: Պահանջում եմ անհապաղ պատասխանատվության ենթարկել հանցագործներին, մեկուսարանի և ՊԱԿ-ի ողջ ղեկավարությանը ի վերջո ճանաչել տալ իրենց պարտականությունները, զսպել մարդակեր գազանների հարձակումները կալանավորներիս վրա և ապահովել մեր՝ ներկա ժամանակի և իշխանության զոհը դարձածներիս անվտանգությունը:

Դիմող՝ Սվետլանա Մարգարյան (ստորագրություն)

11/03/1992թ.

ՀՀՇ- ԱԿԱՆ ԾԱՆՐ ՎԱՐԱԳՈՒՅՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ_)

 

Բարև Սվետիկ, դու ինձ հնարավոր է հիշես, հնարավոր է ոչ, դա էս պահին էական չէ:

Այն ինչի մասին դու գրել ես, հիմնականում այդպես է, բայց ոչ ամբողջովին: Խոստովանում եմ, որ ես էլ 90թ-ին ճիշտ այդպես էի մտածում ու համոզված էի, որ այդպես էլ կա: Բայց ժամանակները եկան ու ապացուցեցին, որ մենք` Անկախության համար պայքարի դուրս ելած նվիրյալներս, իրոք ներքաշվել էինք մի շատ ահավոր ու կեղտոտ խաղի մեջ: Ժամանակները եկան ու մշուշված պատկերը հստակեցրեցին, մեզ ավելի տեսանելի դարձրին, թե որքան շատ էին մեր մեջ խծկված կգբ-ական գործակալները:

Այ դու հիշեցնում ես ձեր, այսինքն` Սամվելի ջոկատի դեմ ելած խուժանին, դու անունը չես տալիս, ես կտամ` « Կծան Միշան » էր, որ իր` սովետական ժամանակների կրիմինալից հավաքված բանդա էր: Այո դու ճիշտ ես, այդ բանդան ղեկավարվում էր Կառլեն Թորոսյանի կողմից: Բայց այն տարիներին, ոմանց հաջողվել էր մեր մեջ ներարկել, որ Կծանը ՀՀՇ-ի կողմից է ուղորդվում: Այո, ՀՀՇ-ում էլ շատ սրիկաներ կային, բայց ես հազար անգամ վերհիշելով ու մեկ առ մեկ վերլուծելով անցիալը, համոզվել եմ այն բանում, որ կգբ-ական խլուրդները հավասարապես խծկվել էին մեր` Ազգային ազատագրական պայքարին դուրս եկածներիս մեջ: Լիներ դա ԱԻՄ, Արտաշատցի Սամվելի ջոկատ, ՀԱԲ թե ՀՀՇ… Ես ամենևին պատահական չեմ համարում իտալական դուբլոնկաներով բարձված այդ վագոնի Արտաշատում հայտնվելը, դրա պատճառով տեղի ունեցած անցանկալի դեպքերը (« Ճարտարապետների տան» նկուղ-ճաշարանում ես մասնակցել եմ այդ առիթով Աշոտ Նավասարդյանի հրավիրած հավաքին)… Պատահական չեմ համարում ոչ միայն Գեղազնիկի Չաուշի մահը, այլ նաև խիստ կասկածում եմ, որ Գդլյան Հարութը ազերիների գյուլեքից խփվեց: Ով ի դեպ, կարող էր և Գյումրիից վերադարնալիս սպանվել, եթե մեքենայի մեջ Սոսի հետ տեղերը չփոխէին:

Պատահական չեմ համարում, որ արյուն լվա գլուխներով ղարաբաղցի մի քանի տասնյակ փախստականներին, միանգամից հիվանդանոց տեղափոխելու փոխարեն, նախ Ազատության Հրապարակ բերվեցին մեզ ցուցադրելու համար: Որ հետո ինչ որ մեկը հարթակից մեզ զինվելու կոչ աներ, ու ամենևին էլ պատահական չէր, որ այդ կոչից հետո, մեր երբեմնի թվացիալ ընկերները, իրականում մեր մեջ խցկված կգբ-ական խլուրդները ինֆորմացի հասցրին, թե որ գործարանի պահակակետերում, որ քաղմասում կամ զորամասում զենք ու զինամթերքներ կան: Նայլոտները մենք անվանում էինք զենքերի ազգայնացում, բայց մտքներովս չեր անցնում, որ ԿԳԲ-ի սցենարով մի մեծ թատրոնի էինք մասնակցում… Դու հիշեցնում ես Երասխի կռիվը, որի մասին լուրը ստացանք որ ազերիները Սադարակի կողմից Երասխավանի վրա են հարձակվել: իսկ հիշում ե՞ս, որ այդ նույն կռվի կապակցությամբ, մեզ տարբեր տեղերից լուրեր էին հասնում, որ Երասխի նախօրերին Ադրբեջանում էլ են բազմաթիվ նայլոտներ կազմակերպվել: Ու որ նրանց էլ ահազանգեր էր հասել, թե իբր հայերս ենք երասխի կողմից հարձակվել ու գինու գործարանի կողմի բլուրներից սադարակի կողմն ենք կրակոցներ սկսել… Կիրովականցի Վահանին գերությունից վերադարձնելու օրը, Աշոտ Նավասարդյանը թորքերի հետ զրույցից հետո համոզվել էր, որ իրականում ոչ նրանք էին հարձակվել, ոչ մերոնք, այլ թե էն կողմ թե մեր կողմ կրակողները բլուի վրա դիրքավորված, մեր մեջ խցկված ու մեզ իրար կպցնող սովետական բանկն էր:

Մոսոյի մարմինը դեռ Երևան չհասած, լուր տարածեցին թե ՀՀՇ-ի արածն էր, բայց այդ օրը ՀՀՇ-ն էլ զոհ տվեց: ՀՀՇ-ի անուն վարքաբեկվում էր նույնքան, որքան որ մյուսներին: Երասխավանում տեղի ունեցած պատասխանատուն, այդ օրերին սահմանից շատ ավելի հեռու գտնվող Վազգեն Սարգսյանը չէր, Վազգեն Մանուկյանն էր: Ազատության հրապարակում մեզ զինվելու կոչ անողը Լևոնը կամ Վանոն չէին, Մանուչարյան Աշոտն էր: ԿԳԲ-ի չաստից, իբր մեր ազգայնացրած զենքերի կազմակերպիչը ՀՀՇ-ն չէր, Կծանից ոչնչով չտարբերվող Խուճուճ Գոքորն էր՝ Արամազդի, Արծրունի (տեր տերի) ու Հայրիկյանի «պահաջով» կգբ-ից իրեն կցված, իբրև վարորդ Մակարյան Հակոբն էր: Նոյեմբերյանի կռիվ մոգոնողը ՀՀՇ-ն չեր, էլի Տերտերն էր, որ Սևոյան Հենդոյին գերի թողեց, եկավ ՀԱԲ-ին ու մյուսներին տարավ գցեց ռուսների թիրախը: ԱԻՄ ավանում էլ էդքան տղա կորցրին, տանողը էլի ՀՀՇ-ն չէր, Արամազդն էր: Մոսոյի դիահերձման ժամանակ մեր ներկայացուցիչն էլ Արամազդն էր, ՀՀՇ-ն չէր:

Հարգելի Սվետա, թող տպավորություն չստեղծվի, թե իմ այս պահի նպատակը, ՀՀՇ-ի պաշտպանությունն է, ես էլ չեմ սիրել ՀՀՇ-ին, բայց ժամանակները ու դրանց ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերը հստակ խոսում են այն մասին, որ ՀՀՇ-ում էլ, մեր մյուս կազմակերպությունների նման, վխտացել են կգբական ագենտնրը: Հանձինս Աշոտ Մանուչարյանի, Վազգեն Մանուկյանի ու էլի թաքնված կամ բացահայտված ռուսական ագենտներ:

Հարգանքներով` Վահագն Ղուկասյան

Զգուշացեք, պաշտպանության նախարարը աքացի է տալիս»

 

Ինչո՞ւ տանել, ո՞ւր տանել ապականված պատմությունը:

Պարոն Քիրեմիդջյան, Ձեզ գրածս նամակից հետո միայն լսեցի վերջին երկու օրերի հաղորդումները, նվիրված Վ. Սարգսյանի 50-ամիա տարեդարձին: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նամակս գնահատելու և ընթերցելու համար: Վազգեն Սարգսյանն այն պահում էր իր չհրկիզվող պահարանում, իր իսկ խոստովանության հորս առաջ, ասելով, որ՝ « ամեն անգամ երբ բացում եմ սեյֆս ու աչքս ընկնում է էդ նամակին, ոսկորներս իրարից անջատվում են: Բա ես էդ մարդն ե՞մ, բա արժե՞ր որ Սվետան էդ նամակը գրեր»:

Պարոն Քիրեմիդջյան, այնքան շատ են հիշողություններս այդ մարդու, կասեի՝ այդ ՉԱՐԻՔԻ մասին, որ չգիտեմ, թե որը գրեմ: Նախ ասեմ, որ նրան «սպարապետ» հորջորջած այդ կնոջ մասին ես չգիտեի, բայց գիտեի, որ Արարատի կուլտուրայի պալատում տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ, երբ դեռ երգչուհի Ալլա Լևոնյանը, Ավշար գյուղից մի սովորական աղջնակ, իր գրած երգն էր երգել, նվիրված դահլիճում նստած Վազգենին, այնտեղ նրան փառաբանող տողերում նշել էր «սպարապետ» կոչումը: Վազգենը բարձրացել էր բեմ, գրկել համբուրել աղջնակին և… հարթել նրա ճանապարհը մինչև մեծ բեմ, մինչև ճանաչում, այդպիսով հաստատուն դարձնելով նաև իր երանելի կոչումը՝ «սպարապետ», որն արդեն ավելի հաճախ և ավելի մեծ լսարանների առաջ էր հնչում եգչուհու շուրթերից:

Մանվել Գրիգորյանի վկայությունները ոչ միայն չափազանցություններ են, այլ նաև եղկելի սուտ: Նա ևս երկու օր առաջ «Ազատ Արցախ» թերթին տված իր հարցազրույցում ասում է, որ պետք է մտածել ժողովրդի մասին: Իսկ հետաքրքիր է, ինչու՞ չի մտածում, ի՞նչն է խանգարում, թե՞ իրեն թվում է սպանությունները, ալան-թալանն ու ահաբեկումները ժողովրդի մասին մտածել են նշանակում: Նույնն էլ Վազգենն էր, որի հեքիաթների վրա կառուցված «փառքի» փլուզմամբ կփլուզվի նաև «գեներալ» Մանվելի «փառքը», որը նվեր էր ստացել «սպարապետից», իր հավատարմության համար միայն և ուրիշ ոչ մի բանի: Վազգենը պատրաստ էր հոգին տալ ՇԱՆԶ-ԷԼԻԶԵՅԻ նման փողոց ունենալու համա՞ր: Թե որ դա ճիշտ է, թող հոգին չտար, հոգով փողոց չեն կառուցի, թող թալանած փողերից մի կաթիլ տար ու Երևանում Լենինի պողոտան դարձներ Շանզ-էլիզե: Բայց ախր նրանք անգամ թույլ չէին տալիս, որ այդ փողոցն ու մյուսները լուսավորություն ունենային, չէին կառուցում, չէին փակում անգամ այդ փողոցներում եղած բազմաթիվ փոսերը, թե՞ դա դժվար բան էր Շանզ-էլիզե երազող «հայրենասեր» Վազգենի համար, որի մայրը՝ Գրետան այն տարիներին անամոթաբար փորձում էր հեռուստաէկրանից համոզել մարդկանց, որ իբր նոր-նոր վեր խոյացած իր պարսպապատ ապարանքը կառուցել է իր և ամուսնու աշխատած փողերով, շեշտելով, որ ամբողջ կյանքը ուսուցչուհի է աշխատել, թքած ունենալով իր հետ միասին դպրոցում աշխատած այն ուսուցիչների վրա, որոնք երևի իրենց աղքատիկ ու հին տներում կաթվածի էին հասել իրենց կոլեգայի նման ճչացող սուտը լսելով, քանի որ չէին իմացել, որ ուսուցչի աշխատավարձով կարելի է ընտանիք պահել ու տնտեսել այնքան, որ հետագայում հնարավոր լինի այդպիսի ապարանք կառուցել:

Այդ «հայրենասեր սպարապետի» մասին կարող եմ ավելացնել և մի հիշարժան դեպք, եղած բազմաթիվներից, որը տիպիկ բնորոշում է նրա իրական կերպարը:

Ջոկատի 15 անդամներ արդեն բանտերում էին: Գերագույն դատարանում մեծ ընդմիջումներով տեղի էր ունենում դատը: Մեր ձերբակալումն ուղղակի ահաբեկել էր Աշոտ Նավասարդյանին, որը ոչ միայն լրիվ խզել էր կապը մեզ հետ ու նույնիսկ իր հարսանիքի քավորը հանդիսացող իր վաղեմի գաղափարական ընկեր՝ Հակոբջան Թադևոսյանի ու նրա ընտանիքի հետ, այլ նույնիսկ ամեն բան անում էր սիրաշահելու ՀՀՇ-ի պարագլուխներին: Այդ օրերին իր կարեցածի չափ մեզանով հետաքրքրվում էր միայն ԱԻՄ-ը, որի փոխնախագահ հանդիսացող Արամազդ Զաքարյանը ոչ մի դատավարություն բաց չէր թողնում, միշտ ներկա էր, նրա կազմակերպմամբ ու պնդմամաբ նկարահանվում էր դատը, հոդվածներ էր գրում թերթերում, ԱԻՄ-ը բողոքներ էր ներկայացնում ամենուր և այլն: Այդ ժամանակ, 1992թվականին, Գորիսի պարետ էր նշանակվել Պարույր Հայրիկյանը: Ջոկատի տղաներից 17-ը դրսում էին, որոնք կապ էին պաշտպանում Սամվելի և Արամազդի հետ ու հենց Սամվելի հրամանով մեկնել էին Գորիս-Լաչին ռազմաճակատային գիծ կռվելու: Այդ օրերին Վազգեն Սարգսյանը, լաաա՜վ հարբած վիճակում, իր վարորդի հետ միասին, գնում է Գորիս իբր ստուգումների: Հասնում է սահմանային գիծ ճիշտ մարտի ընդմիջման պահին, կամ գուցե հենց այդ պահն է ընտրում գծին մոտենալու համար: Անտառի եզրին, ծառների տակ նստած հանգստանալիս են լինում զինվորները: Գորիսցի մի ծերունի, տանից իր կռվող որդու համար հաց է բերած լինում և որդու ու նրա մարտիկ ընկերոջ հետ նստած հաց ուտելիս են լինում: Հանգստացող զինվորների մեջ շրջող և նրանց տեղին անտեղին ամենակեղտոտ հայհոյանքներ շռայլող հարբած Վազգենը հանկարծ նկատում է ծերունու և նրա որդու հետ ծառի տակ նստած մարտիկին, Սամվելի ջոկատի Խաչիկ Մեջլումյանին, որին և մյուսներին գիտեր շատ վաղուց և անձամբ: Խաչիկն այդ ժամանակ արդեն վիրավոր էր, նրա ձախ հոնքի վերևի մասում՝ ճակատի գանգոսկրի մեջ խրված գնդակ կար, որը բժիշկները չէին համարձակվում հանել: Տեսնելով Խաչիկին, մոտենում է ու ասում՝ «արա՞, դու էն Սամոյի ֆանատիկներից չե՞ս» :Լսելով պատասխանը, սկսում է հայհոյել: Անմիջապես միջամտում է ծերունու որդին, ասելով թե ի՞նչ է արել մարդը, որ եկել ես ու կռվող տղին հայհոյում ես: Վազգենը հանկարծակի հարձակվում է այդ տղայի վրա, կեղտոտ հայհոյանքների ուղեկցությամբ սկսում բռունցքներով ու քացիներով նույնիսկ, արյունոտելու աստիճան ծեծել, միջամտում են ծերունին՝ ծեծվողի 72 ամյա հայրը ու Խաչիկը, և այս անգամ Վազգենը թողնելով տղային հարձակվում է ծերունու ու Խաչիկի վրա, բռունցքներով այնպես է հարվածում երկուսին, որ երկուսն էլ տապալվում են գետին, հետո սկսում է քացիներով հարվածել Խաչիկին: Որպեսզի պաշտպանի վիրավոր գլուխը, Խաչիկը դեմ է անում ձռքերը, ինչի արդյունքում քացի տվող «սպարապետը» ոտքի հարվածներով կոտրում է Խաչիկի աջ ձեռքի երեք մատները՝ միջնամատը, մատնեմատը և ճկույթը: Թողնելով ցավից ոռնացող Խաչիկին տապալված, հիմի էլ հարձակվում է ծերունու վրա, անխնա ծեծելով ու արնոտելով ծերունու գլուխը: Կատաղության գագաթնակետին հասած «հայրենասեր սպարապետը», հանում է ատրճանակը, չորս կողմից այս դեպքին ականատես զինվորների աչքի առաջ պահում գետնին տապալված արյունլվա ծերունու գլխին ու կարգադրում չոքել իր առաջ: Ծերունին չոքում է: Նրա վարորդը հասկանալով, որ չափն անցած «սպարապետը» պատրաստվում է գնդակահարել ծերունուն, ուշքի է գալիս նետվում առաջ, կախվում է Վազգենի թևից ու գոռում, թե ՝ մի խփի, մեծ մարդա, էս ի՞նչ ես անում, արի գնանք, ու խանգարելով նրան կրակել, քաշում է որ հեռացնի այդ վայրից: Վազգենը թափ է տալիս իրան, պոկվում վարորդի ձեռքից և ատրճանակն ուղղում վարորդի վրա ասելով, թե՝ հեռու գնա, թե չէ հմի կգյուլլեմ: Հետո հետ է դառնում չոքած ու գլխիկոր ծերունուն, և հանկարծ նկատում նրա վզից կախված ոսկե շղթան՝ խաչով: Մոտենում է, բռնում խաչն ու շղթան, քաշում պոկում է ծերունու վզից, ու գցում գրպանը ասելով՝. «էս քեզ չի հասնում» և հայհոյելով ու օ րորվելով հեռանում է: Խաչիկը Գորիսից ետ է գալիս, գալիս է Արամազդի մոտ, պատմում եղելությունը հետո մի նամակով պատահածը հաղորդում է Նուբարաշենի մեկուսարանում գտնվող Սամվելին ու հաջորդ դատին Սամվելի կանչով եկավ դատարան: 1992-ի այդ օրվա դատը սկսվեց Սամվելի հայտարարությամբ, Խաչիկի հետ պատահած դեպքի առիթով: Խաչիկը բարձրացրեց և ցուցադրական ցույց տվեց կոտրված ու վիրակապված մատները, դատարանին ներկայացնելով բժշկի տեղեկանքը: Սամվելը պահանջեց դատակոչել Վազգեն Սարգսյանին, ինչն իհարկե մերժվեց դատարանի կողմից, ինչպես նրան ու Վանոյին դատակոչելու մյուս պահանջները: Մի քանի օրից Արամազդ Զաքարյանի հեղինակությամբ, այս դեպքի մանրամասները պատմող մի հոդված տպագրվեց «Անկախություն» թերթում: Հոդվածի վերևում քացի տվող էշ էր պատկերված և վերնագիրն էր՝ «Զգուշացեք, պաշտպանության նախարարը աքացի է տալիս»: Մինչև օրս էլ ապրում է Խաչիկ Մեջլումյանը, Արտաշատի շրջանի Մասիս գյուղում: Ահա, սա էր Մանվելի գովերգած «հայրենասեր» սպարապետը, որին ՀԱԲ-ի քաղ գծով հրամանատար, լուսահոգի պարոն Վարդանը, բանտից ինձ գրած մի նամակի մեջ անվանել էր սպարաԾԵՌՏ: Իսկ Մանվելը խաղում է ՝ դու ինձ, ես՝ քեզ, խաղը: Նաև իզուր չի ասված՝ ասա ընկերդ ո՞վ է, ասեմ՝ ով ես դու….

Հարգանքներով՝ Սվետլանա Մարգարյան

9/03/ 2009

քննարկումներ

Hrayr

Mar 9, 2009 17:34

Նժդեհից-Լույսին

Տկարության և կեղծիքի դեմ սկսածդ պայքարի մեջ մենակ չես դու, հա՜յ երիտասարդ: Դու պետք է ունենաս քո մեծ և վճռական զինակիցը` հայ մայրը:

Ինչպիսի՛ աստվածային հաճույք մարտնչողի համար` լսել խրախուսիչ ձայնը հայրենակրոն մոր:

Ո՞վ չգիտի, թե ազգային տագնապների օրերին, երբ հայրենասիրորեն կբաբախի տառապող կնոջ սիրտը` կորած չէ դեռ ամեն հույս:

Հայուհին, որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով, որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը, որ կարող է փոխարինել խաչափայտի առջև իր աստվածանման որդու վերքերը սգացող Տիրամորը, ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի: Նրա շուրթերից չպետք է պակասեն Ժաննա դ` Դարկի բառերը. ՙ Եթե հոգնած եք` դադար առեք, բայց մի՜ լքեք կռվադաշտը, մի՜ դասալքեք՚

Ամեն ինչ` սեր, խնամք, ակնածանք հայրենասեր մորը: Եվ ամեն ինչ հայրենասեր մորից` հերոս որդիներ, հաղթական դափնիներ, անկախ Հայրենիք: Ունենանք առյուծածին մայրեր:

ԱՅՍՊԵ՜Ս Է ԱՍԵԼ ՆԺԴԵՀԸ

Փառք Աստծուն, որ ունենք Առյուծածին Մայրեր..

zak

Mar 10, 2009 4:32

Կարդալով Սվետլանայի գրված նյութը, սկսեցի հիշել այն դժգույն տարիները, երբ այսպես ասած «Վազգենը դվիժեննի էր…»: Երբ այդ «սպարապետը» ջիփ քշողներին այնպես էր վախեցրել, որ վախենում էին բացաշկարա իրենց մեքենաները քշեն… Կամ այդ «գեներալը», երբ քաղաքներում, շրջաններում, տղամարդկանց փողոցներից բռնում տանում էին ֆրոնտ երեք ամսով, ստիպում էր նրանց կատարել այնպիսի աշխատանքներ , որը մարդկանց ուժերից վեր էր, ոմանք վերադառնում էին կիսախեղված վիճակում: Մանվելի անունը լսելիս, բոլորը մրսում էին նրանից: Այսոր իր հետ կռված տղերքի մասին ցինիկաբար արտահայտվելով, նա էլ ավելի է սեղմում իր շուրջը օր օրի սեղմվող օղակը: Կգա ժամանակ, որ մենք բոլորս ականատես կլինենք նաեւ նրա հետ առնչվող դեպքերի զարգացմանը, որովհետեւ նա արդեն մի մեծ բանակ, իր լավը չցանկացող ունի: Դա մեր ազգին հատու է, երբ սովորական զինվորին, որը մի քանի փամփուշտ ավելի է կրակել, նրան դարձրել է գեներա՜լ, չգիտես ին՜չ: Իսկ իսկական կռվող հզոր տղաներին, իրենց իսկ ձեռքով նեյտրալիզացնելուց հետո, չգիտես ինչու «սպարապետ» չեն կոչում: Ի՞նչ է Մոնթե Մելքոնյանը պակաս տղա է՞ր, կամ ումի՞ց էր քիչ արել Հայաստանի ու Ղարաբաղի համար: Բայց արի ու տես չկա մեկը, որին նա նսեմացրած լիներ բոլորի առաջ, որը նրա մասին կխոսա թշնամաբար: Նա իր փայլուն զինվոր լինելուց բացի, ուներ տակտի զգացում: Իսկ հիմա՞: Հիմա եթե Աստված չանի, պատերազմ սկսի, այս մի քանի բախտները բերածների բախտը էլ չի բերի: Կլինեն ցանկացողներ հաշվեարդար տեսնելու նրանց հետ հենց իրենց համար անսպասելի տեղերում, քանի որ ոչինչ չի մոռացվում, նույնիսկ եթե ներել ու բարի կամք ես դրսեւորել, միեւնույնն է ցանկացած րոպեի կարող է հիշելուց կրկին տա, իսկ Հայ ազգը իր ապրած կյանքի փորձից, դարեդար զարգացրել է հիշելու ընդունակությունը, ու չի մոռացել երբեք իր դավաճաններին, հաբռկածներին: Ես շատ կուզեի, որ ստեղծվեր հանձնաժողով, որը կկարողանար որոշել այս կամ այն մարդու աստիճանը, զինվորական ուղին անցնելիս: Ծանր ու թեթեւ արվեր նրանց վարքն ու հերոսությունը, հայտնաբերվեր ու ընդհանրությանը հրամցվեր նրանց կողմից դրսեւորված փոքրոգությունը, դա կոգներ ոմանց, իրենց անունը առասպել սարքելուց զերծ մնալ: Ում նայում ես, կռված տղերք են, բայց ամենքը մի բիզնես ունեն…

ԿՐԱԿՈՑ` ԹԻԿՈՒՆՔԻՑ…

 

Սվետլանա  Մարգարյան

 

Ես  Սամվել  Մարգարյանի քույրն եմ՝ Սվետլանա Մարգարյանը: Այն Սամվելի, որի մասին Հանրապետությունում, 1990թ.-ի սկզբներին հերոսական լեգենդներ էին պատմվում, իսկ հետո, կարճ ժամանակ անց, ամենասարսափազդու պատմություններն էին շրջում: Ինչպե՞ս կարող էր այդքան արագ ետ պտտվել ճակատագրի անիվը, կամ ինչու՞ ետ պտտվեց ու ազգային հերոսի անուն հանած մարդն ու իր ջոկատի մարտիկները հանկարծ դարձան ամենասարսափազդու կերպարներ, որոնց մասին ամենուր շրջում էին զանազան պատմություններ, որոնց անունները կապվում էին մի շարք հանցագործությունների հետ: Ի՞նչ էր կատարվել իրականում, ովքե՞ր էին կանգնած կազմակերպված այդ արյունոտ դեպքերը իրականացնողների ետևում և ու՞մ շահերի համար էին արվում այդ ամենը…

Ահա այս ամենի մասին է, որ այսօր, 20 տարի անց ցանկանում եմ պատմել: Պետք է ասեմ, որ նպատակս երբեք գրական գործ, գրական մնայուն արժեք ստեղծելը չէ, ոչ էլ փառքի մոլուցքն է, որ ստիպել է ինձ գրիչ վերցնել ու շարադրել մեր ապրած ողբերգությունը, ա´յն ազգային հերթական ողբերգությունը, որի զոհերը եղանք մենք:

Ես պարզապես նպատակ ունեմ գրելու, ո´չ, ուղղակի ՓՐԿԵԼՈՒ կատարված դաժան իրականության պատմություններն այն տարիների, որոնք կարող են ոչ միայն լույս սփռել շատերի համառ ջանքերով խեղաթյուրված ու ծուռ հայելու մեջ ներկայացված իրականության վրա, այլև կարող են ուսանելի դաս լինել սերունդների համար:Այժմ, երկար ու ձիգ տարիների այս հեռվից, երբ ետ եմ նայում անցյալին,կարծես ավելի պարզ եմ տեսնում անցած իրականությունը, տեսնում եմ կատարված բազմաթիվ դեպքերի տրամաբանական կապը, ամբողջանում են կերպարներն ու դառնում ավելի հասկանալի ու նույնքան ողբերգական ու ահավոր:

Եվ ներքին մի ձայն ինձ անվերջ հանգիստ չի տալիս, ստիպում է գրիչ վերցնել ու շարադրել, թղթին հանձնել ազգային ողբերգության իմ բաժինը, իմ ապրածն ու տեսածը: Որքան էլ ողբերգական լինի այս իրական պատմությունը, այն մի յուրօրինակ հուշարձան կլինի այն բոլոր մարտիկների համար, որոնք իմ ընկերներն էին, ովքեր առաջիններից էին, որ կամովին դուրս էին եկել մատաղվելու ազգային ազատության զոհասեղանին, բայց մեր օրերի «հերոսներ» հորջորջված հանցագործների անմիջական ջանքերով դարձան զոհերն ազգային ՏԱԿԱՆՔՆԵՐԻ:

Ո՞վ կարող է ի վերջո ավելի ճշմարտացի ներկայացնել իրական պատկերն այն ամբողջ կատարված ողբերգության՝ եթե ոչ ես, որ ականատեսն ու մասնակիցն եմ եղել այդ ամբողջի: Որքան էլ ցավալի լինի վերապրել անցածը, ավելի ցավալի կլինի լռելը հավիտյան: Լռել՝ նշանակում է ապահովվել ստի, խաբեության վերջնական հաղթանակը, նշանակում է ոչ միայն մոռացության քարե պատնեշով ծածկել իրականությունը, այլ որ ամենաահավորն է՝ ատելության, փնովանքի ծանր պատանքով փթաթված թողնել անիրավության զոհ դարձած այն հայրենասեր հայորդիներին, ովքեր դարձան ժամանակի քավության նոխազներ:

Նպատակս չէ արդարացնել մի խումբ մարդկանց և անարգանքի սյունին գամել մյուսներին: Նպատակս է մատուցել իրականությունն այնպես, ինչպես այն եղել է, նպատակս է սերունդների առաջ բացահայտել կերպարներ՝ մոռացության մատնված, հանիրավվի վարքաբեկված կերպարներ, որոնց անձնազոհ պայքարով նաև´ մենք ունեցանք հաղթանակ, ունեցանք ազգային նորագույն պատմություն՝ Հաղթանակած ազգի´ պատմություն,նաև նորօրյա հայդուկների պանծալի կերպարներ:

Գիտեմ, որ հուշերս հանձնելով թղթին, ակամայից կբացահայտվեն այնպիսի´ կերպարներ, որոնք արդեն քսան երկար ու ձիգ տարիներ ներկայացվում են հերոսների ու սրբերի լուսեպսակով, պղծելով իրական հերոսների հիշատակը, որոնցից շատերը դարձան հենց այդ սուտ ու հորինովի «հերոսների» զոհերը: Այս մասին դեռ կգրվեն շատ պատմություններ, (իսկ գուցէ արդե՞ն գրվել են), շատ ականատեսներ կպատմեն իրական դեպքեր և երբ մի օր կհալվի սառույցը, դրանք կդառնան լայն հասարակության սեփականությունը:

Եվ կփլվի փառքի տաճարը սուտ կուռքերի, հօդս կցնդի պատրանքը և «Սրբերի» դիմակի տակից դուրս կգան հրեշավոր այն կերպարները, ովքեր իրենց «հերոսական» ձեռքով տեռորի ենթարկեցին մի ողջ ժողովրդի՝ իրենց ծնած ու սնած ժողովրդին ու նրա լավագույն զավակներին…

Ստով ու կեղծիքով ստեղծված փառքի ու նաև բարձրացված գրանիտե պատվանդաններից ցած կգահավիժեն նրանք և այդ անկումը կլինի ավելի ահավոր, քան թե նրանց ապրած կյանքն էր ու կատարած սև գործերը…

Եվ սերունդները անեծքով կհիշեն նրանց, նաև ա´յն սերունդը, որին արդեն 20 տարի մատուցում են հորինովի պատմություններ, ապակողմնորոշելով ու ստիպելով պաշտամունք դարձնել ազգակործան այնպիսի մարդկանց, ովքեր ճանապարհից հեռացրեցին ազգի փառապանծ զավակներին, որդեգրելով նրանց կատարած հերոսական գործերը, այնպիսի մարդկանց, ովքեր ժամանակին Երկիրն հասցրեցին անդունդի եզրին, ովքեր կտրեցին Ազգի արյունատար անոթն ու թողեցին նրան արնաքամվելու մինչև վերջ…

Ապավինենք ժամանակին, քանզի ժամանակն ամենամեծ դատավորն է…

 

 

ԿՐԱԿՈՑ   ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 2-րդ)

 

http://www.louysworld.com/archives/15194

 

Որպեսզի ավելի ամբողջական լինի Արտաշատի «Անկախության Բանակ»-ի հրամանատար Սամվել Մարգարյանի կերպարն ու հասկանալի լինի նաև, թե ինչպե՞ս և ինչու՞ էինք մեկ ընտանիքից 4 հոգի հայտնվել Ազգային Ազատագրական պայքարի բովում, պետք է սկսեմ՝ արմատներից:

Հորական պապս ու տատս Վանեցիներ էին: Մորական կողմս՝ բնիկ Արտաշատցիներ: Մենք ծնվել ու մեծացել էինք իրենց արդար քրտինքով, աշխատանքից բացի ուրիշ ոչ մի կողմնակի եկամուտ չունեցող, միջին ապրող մի ընտանիքում, որի մեծերն էին ավանդապաշտ, հայ-քրիստոնյա վանեցի պապս ու տատս:

Պապս բավականին գրագետ մարդ էր,նա ավարտել էր Վանի Վարագա վանքի ճեմարանն ու ուներ սարկավագի կարգ:Խոսում էր Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն, Թուրքերեն, Քրդերեն և Արաբերեն լեզուներով և ուներ հրաշալի ձայն:Նրա հայրը՝ Խաչատուր Մարգարյանը,Դաշնակցական էր եղել և մասնակցել Բանկ Օտոմանի գրավմանը:

Սերված լինելով Դաշնակցական հորից, պապս ու իր եղբայրը դաստիարակվել էին հայրենասիրական ոգով և զենքը ձեռքներին մասնակցել Վանի ինքնապաշտպանական մարտերին: Պապս՝ Հակոբ Մարգարյանը, կռվել էր Լևոն Շղոյանի խմբում, հետո 1918թ.-ին,երբ սկսվել էր Վասպուրականի ժողովրդի գաղթը, այդ խմբի հետ միասին շրջապատած գաղթականներին, կռիվ տալով թուրք ու քուրդ հրոսակների դեմ, ուղեկցել էին Վասպուրականի հայությանը դեպի ներկայիս Հայաստանի տարածք: Գաղթից առաջ պապս չէր մոռացել մտնել իրենց գյուղի՝Մխկների Ս.Հարություն եկեղեցին…Այնտեղից հավաքել էր ամբողջ գրքերը,արծաթե խաչերն ու բուրվառները, լցրել մի պարկի մեջ և մի ձեռքին զենք, մյուսին՝ այդ պարկը,անցել էր ամբողջ գաղթի դժվարին ճամփաներով , բերել ու հասցրել էր մինչև Հայաստան ու նվիրել Էջմիածնի եկեղեցուն, որի համար Վազգեն Առաջին կաթողիկոսից ստացել էր պարգևատրում:

Իսկ այդ գաղթի ճամփան ահավոր ծանր էր ու երկար…Կամավորներով շրջապատված Վասպուրականի գաղթականությունը եկել ու հասել էր մինչև Բանդի-Մահու գետը, Բերկրի, ներկայիս՝ Մուրադիյե: Թուրք ու քուրդ հրոսակներն արդեն փակած էին եղել գետի կամուրջը, որտեղից այլևս անհնար էր եղել շարունակել ճամփան: Այդտեղ տեղի էր ունեցել կատաղի ճակատամարտ: Բազմաթիվ կամավորներ, որոնց թվում նաև պապիս Սահակ եղբայրը, բազմահազար գաղթականներից բավականին մարդիկ, երեխաներ, կանայք՝ զոհ էին գնացել, շատերն իրենց գցել էին վարարած Բանդի-Մահու գետը՝ փրկության հույսով, մայրերը որպես ավելորդ բեռ նետել էին իրենց գրկի բարուրները…

Բերկրիում հայերի կոտորածը եղել էր սարսափելի: Կամավորները տեսնելով որ չեն կարողանում անցնել կամուրջը, հրաման էին տվել գաղթականներին հետևել իրենց ու թեքվել դեպի Պարսկաստանի սահման: Կռվելով ու զարկվելով, գաղթականներին անց էին կացրել Պարսկաստան, այնտեղից էլ Իրաք, հասել էին մինչև Բաղդադ և վերջապես Բաղդադում Անգլիացիները նրանց տվել էին վրաններ և ուտելիք ու տեղավորել:

Մնացել էին մինչև 1921թ.-ը և վերջապես 21թ.-ին գաղթել էին Հայաստան…ԵՎ այս երկար ու դժվարին ճամփին, երբ մայրերն անգամ նետում էին իրենց մանուկներին, պապս իր զենքի հետ շալակած բերել ու Հայաստան էր հասցրել նաև իր «Էրգրի» սրբազան իրերով լեցուն պարկը ու որքան էլ զարմանալի թվա՝ քարի տակ ու թփերի մեջ նետված երկու բարուրված հայ մանուկներ և մեկ մանկահասակ հայ երեխա…

Ահա այս պատմություններով, կորած «Էրգրի» կարոտով ու արդեն Սովետական շրջանում արգելված Դաշնակցական երգերով էր մեզ՝ իր թոռներին հոգևոր սնունդ տալիս պապս…

Վանից իր հետ բերած հուշամատյաններից, որոնք նա պահում էր խիստ գաղտնի և ցույց տալիս միայն մեզ ու իր վանեցի ընկերներին, մենք արդեն մանկությունից գիտեյինք թե ովքեր են Նժդեհը, Դրոն, Սեպուհը, Անդրանիկն ու Համազասպը… Նա մահացավ 1972թ.-ին, 90 տարեկան հասակում, հանկարծամահ եղավ: Մինչև կյանքի վերջին օրը առույգ էր, աշխատում էր, կարդում առանց ակնոցների, երգում…

 Մինչև կյանքի վերջ պահպանեց իր հրաշալի, բաձր ու զնգուն ձայնը, ու թեև այլևս եկեղեցիական կարգի մեջ չէր, բայց տոներին նրան հատուկ հրավիրում էին Արտաշատի Մրգավան գյուղի եկեղեցի, անցկացնելու եկեղեցիական արարողակարգը: Մարդիկ այն ժամանակ ասում էին, որ եկեղեցի են գնում հատկապես Հակոբին լսելու համար…

Պապիս կորցրած «էրգրի» կարոտն ու կիստ թողած վրեժը ծլարձակել ու մի ահռելի արմատակալած կաղնի էր դառել մեր սրտերում: Եվ երբ այլևս գիտակից պատանեկության շրջանում էինք, պապիս ցանած հայրենասիրության սերմերը ջրվեցին ԱՄԿ-ի անդամ հանդիսացող, Սովետական շրջանի քաղբանտարկյալ Հակոբջան Թադևոսյանի նոր գաղափարներով: Հայրս իր ընկերոջ միջոցով ծանոթացել էր Հակոբջան Թադևոսյանի հետ և մենք, պատանեկությունից սկսած, երբեմն ներկա էինք լինում այդ զարմանալի մարդ-քաղաքական գործչի չափազանց հետաքրքիր զրույցներին, որոնք բոլորը բնականաբար հայրենասիրության , Հայաստանի անկախացման թեմաներով էին ու Հայտնի հայդուկների մասին պատմություններով: Հակոբջան Թադևոսյանն ակամայից դարձավ մեր հոգևոր ուսուցիչը սովետական շրջանում և մենք, պապիս մահից հետո, 70-ական թթ.-ի վերջից արդեն սկսեցինք սովետական գրաքննություն անցած դպրոցական գրքերից բացի կարդալ ուրիշ գրքեր նաև, լսել ուրիշ պատմություններ և ուրիշ մեկնաբանություններ մեր ազգային պատմության մասին:

Ահա թե ի՞նչն էր, որ մեզ՝ հորս,ինձ,Սամվել ու Վարդան եղբայրներիս հենց առաջին իսկ օրից, մի անգամից,առանց վարանելու ոտքի հանեց ու մղեց դեպի Ղարաբաղյան շարժման կիզակետ:

ԿՐԱԿՈՑ  ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 3)

http://www.louysworld.com/archives/15229

 

Իմ հրաշալի, իմ յուրօրինակ Հակոբ պապը միշտ եղել , մնում է ու կմնա մեր հուշերում: Նա բավականին հայտնի էր նաև Վասպուրականից գաղթած հայության շրջանում, նրան «Չալ Փափախ» էին անվանում՝ Վանի հերոսամարտի և գաղթի շրջանում կրած նրա չալ փափախի համար:

Չափազանց ազնիվ էր նա, հոգով ու կամքով ազատ ամբողջովին այն աստիճան, որ Սովետական գրված ու չգրված օրենքները նրան բոլորովին ոչ վախեցնում էին, ոչ էլ զսպում, եթե համոզված էր, որ ինքը ճիշտ է:

Մենք աչքներս բացեցինք ու տեսանք մեր պապին որպես հրաշալի ատաղձագործ ու հողագործ և Արտաշատում եղած բոլոր գրադարանների մշտական ակտիվ ընթերցող: Մեր բավականին մեծ տնամերձ հողատարածքում նա աճեցնում էր Հայաստանում գոյություն ունեցող համարյա բոլոր մրգերն ու բանջարեղենները, միայն մեր սնվելու համար և ոչ երբեք վաճառքի:Առատաձեռն էր անխտիր բոլորի հանդեպ՝եթե խնդրում էին և անասելի կատաղի՝ բարկության պահերին,եթե փորձում էին գողանալ: Ոչ մի պաշտոնյա իրավունք չուներ կտրելու նրա աճեցրած որևիցէ ծառի մեկ ճյուղն անգամ, էլեկտրական լարեր անցկացնելու, կամ մեկ այլ պատճառաբանությամբ: Ցանկացած ծառ ու թուփ փայփայելու ու պահպանելու իր անբեկանելի օրենքներն իր համար ավելի հաստատուն էին, քան կառավարական որևէ այլ օրենք և վա՜յն եկել ու տարել էր նրան, ով կհանդգներ խախտել այդ օրենքը:

Արտաշատի քաղսովետում բոլորը գիտեին այդ մասին և եթե հանկարծ փորձ էին անում հորս որպես միջնորդ օգտագործել և հասնել իրենց նպատակին, օօօ՜,այդ ժամանակ արդեն պապիս բարկությունը չափ ու սահման չէր ճանաչում՝ վերցնում էր կացինն ու կանգնում ծառի տակ և գոռում իր բամբ ձայնով՝. «տուքյ մե ծառ աճեցրած կա՞ք ծեր կյանքի մեջ, որ կյուզեք իմ ծառի ճուղ կտրել: Ապա ով քաջ ի, թող մոտ կյա»:

Եվ այսքանից հետո, հարևանների բարի ժպիտների ուղեկցությամբ գլխիկոր հեռանում էին կառավարության անդամները, նրանց հետ էլ՝ հայրս, որը տուն էր վերադառնում միայն ուշ երեկոյան, երբ արդեն խաղաղված էր լինում պապս: ՈՒ սովորաբար, ավարտված այս դեպքերը երբեք չէին քննարկվում տանը երեկոյան, երբ հայրս ներս էր մտնում: Խաղաղված պապս այնպես էր անում, իբր նման բան տեղի չի էլ ունեցել:

Միայն մենք՝մանկահասակ իր թոռներն էինք, որ ուրախանում էինք ու անբացատրելի հպարտանում պապիս «հերոսությամբ»… Նա լավ հողագործ էր, լավ այգեպան և ամեն տարի մենք՝ ի շնորհիվ պապիս ունեինք հրաշալի գինի և օղի: Պապս ուներ մեծ գրադարան տանը, որն հետագայում նոր գրքերով համալրում էինք հայրս ու ես: Նա ուներ մեկ Աստված երկնքում, ում ամեն օր առավոտյան պարտադիր ուղղում էր իր աղոթքները լվացվելուց ու նաև հաց ուտել-վերջացնելուց հետո, իսկ երկրի վրա իր աստվածները մենք էինք՝ նրա թոռները: Բազմում էր սեղանի վերին մասում դրված իր աթոռին և ոտնկայս սեղանն օրհնելուց հետո միայն մենք իրավունք ունեինք ձեռքներս մեկնելու հացին: Բավական էր մեզնից մեկն ու մեկը հիվանդ լիներ և խելքներիս փչեր ինչ որ բան ուզել, գիշերվա որ ժամին էլ որ լիներ, անգամ եթե ձնաբուք լիներ, նա վեր էր կենում անկողնուց, հագնում շորերը և դուրս էր գալիս տանից: Գնում էր երկաթգծի կայարանի խանութ, կամ ճաշարան, որոնք բաց էին շուրջօրյա և այնտեղից գնած մեր ուզած բաները, վերադառնում էր տուն:

Պա՜պս,իմ հրաշալի՜, իմ բացառի՜կ բարի ու մեր հանդեպ անմնացորդ սիրով լեցուն պա՜պս… Ազատ ժամերին նստում էր տան պատի տակ իր ձերքով պատրաստած աթոռին, դեմքով դեպի Մասիսները, դանդա՜ղ ծխում էր ծխախոտը, երբեմն մատներով սղալելով ծխից մի փոքր դեղնած բեղերը և ընթերցու՜մ ու ընթերցու՜մ…

Իմ ամու´ր, իմ հպարտ պապին երբեմն տեսնում էի լու՜ռ արտասվելիս: Մանուկ հոգիս զարմանում էր ու ես կարկամում էի մի պահ, հետո նա ձեռքը մեկնում էր դեպի Մասիսներն ու ասում՝. «Տես բալա, որ աա՜յ էտենց ու՜ղիղ էթանք, սելով էստեղից մինչև Վան մեկ օրվա ճամփայի»: Մի կարճ պահ հետո հավելում էր.«Ա՜խ, մե ճամփան պացվեր, էրթայինք Վա՜ն, մե անգամ մեր անուշ քյահրեզների ճուրը խմեյինք, թող հենց էնտեղ մեռնեյինք…»:

Ես ժպտում էի ու նորից չէի հասկանում, թե ինչու՞ է նա լալիս: Չափազանց խռովում էր հոգին, սկսում հայհոյել թուրքերին ու քրդերին, երբ մեր տուն հյուր եկած իր վանեցի ծանոթներին ու բարեկամներին պատմում էր գաղթի ճամփին իր տեսածներն ու ինչպես ինքն էր ասում՝ «Կոտոլագյալի կռիվ»-ի մասին: Նա էր իմ առաջին ուսուցիչը,որն ինձ 5 տարեկան հասակում սովորեցրեց գրել ու կարդալ: Եվ ես՝ 5 տարեկան հասակում, դարձա գրադարանի հաճախորդ: Պապս փոքրիկ ձեռքս առած իր մեծ ու կոշտացած ափի մեջ, ինձ իր հետ տանում էր Արտաշատի գրադարան և իր քարտով ինձ համար այնտեղից վերցնում գունազարդ փոքրիկ գրքեր:

Եվ ահա, մի փոքր առաջ անցնելով պետք է ասեմ, որ պապիցս ժառանգած «էրգրի» կարոտը, 2002թ.-ի Հոկտեմբերին, մեզ տարավ դեպի դրախտային Վան: Վերցնելով հորս և Արարատի շրջանի Շիրազ գյուղում բնակվող հորս հորաքրոջ որդուն (քանի որ մեր ազգի մեծերից իրենք էին,որ կենդանի էին այլևս), մեքենայով շարժվեցինք դեպի Արևմտյան Հայաստան…

Եղանք Կարսում, բարձրացանք Կարսի անառիկ բերդ, որը կարծես մի երկաթակուռ կառույց լինի: Այն գտնվում է բարձունքին և իր , մի տեսակ՝ ճնշող ներկայությամբ իշխում ներքևում գտնվող քաղաքի վրա: Կարսա բերդ բարձրանալիս մենք չգիտեինք, որ թուրքական գաղտնի ոստիկանությունը հետևում է մեզ: Երբ արդեն բերդի վերևից սկսել էի շրջակա տարածքի նկարահանումները, մեզ մոտեցան երկու երիտասարդ, որոնցից մեկը մաքուր ռուսերենով պահանջեց անմիջապես իջնել ներքև և հեռանալ բերդից: Մեր զարմացած «ինչու՞»-ին ի պատասխան, երիտասարդը մեզ մեկնեց թուրքական իր փաստաթուղթն ու ներկայացավ որպես գաղտնի ոստիկանության աշխատակից ու նորից կրկնեց պահանջը: Հետագայում, տանը երբ արդեն դիտում էինք նկարահանումները,տեսանք, որ այդ երկու ոստիկանները մեզ հետևել էին դեռ բերդի ներքևի մասից վեր բարձրանալիս:

Ոստիկանների ուղեկցությամբ իջանք բերդից: Ռուսերեն խոսող այդ ոստիկանը սկզբում հատնեց, թե ինքը չեչեն է և մի կարճ պահ հետո խոստովանեց, որ ադրբեջանցի է և աշխատում է Թուրքիայում: Նա սկսեց անմիջապես մեղադրել «մորուքավոր հայ ֆիդայիներին», որոնց պատճառով, ըստ նրա, սկսվեցին հայ-ադրբեջանական կռիվները: Հայրս չդիմացավ այլևս ու սկսեց լուտանքներ տեղալ նրա գլխին, Սումգայիթում ադրբեջանցիների կատարած կոտորածի համար ու ասաց, որ հենց այդ կոտորածով ադրբեջանցիներն իրե´նք դրեցին զինված հակամարտության սկիզբը: Այստեղ ոստիկանը պապանձվեց: Հետո իջանք բերդի ներքևում ծվարած Ս.Առաքելոց եկեղեցի, որը վեր էր ածվել մզկիթի: Եկեղեցու թուրք պահապանը, իմանալով որ հայ ենք ու Հայաստանից ենք եկել, թույլ տվեց մեզ կոշիկները հանել դռան մոտ ու ներս մտնել, չարգելելով անգամ մեզ հետ վերցրած մոմերը վառել խորանի վրա…

Կարսը ներկայացավ մեզ, որպես աղքատ, խղճուկ մի գավառային քաղաք, որն իրականում քաղաքի տեսք չուներ: Պատկերը զարմանալիորեն այլ էր արդեն այս ամռանը՝ 2011-ի հուլիս-օգոստոսին, երբ երկրորդ անգամ եղա այնտեղ: Կարսը այս վերջին իննը տարիների ընթացքում դարձել էր վերակառուցված, բարձրահարկ շենքերով, լուսավոր ու շքեղ խանութներով մի գեղեցիկ քաղաք…

2002թ.-ի այցելության ժամանակ գիշերեցինք «ԿԵՆՏ» հյուրանոցում, որի պատերի վրա ներսի կողմից, յուղաներկով նկարված էին ամբողջ Անիի ավերակներն իր եկեղեցիներով: Հյուրանոցի տերը, ներկայանալով որպես քուրդ, մեզ հատուկ ընդունելության արժանացրեց ու մեր զարմանքին ի պատասխան ասաց, որ ինքը շատ է սիրում Անին, դրա համար է նկարել տվել այս բոլորը: Հաջորդ օրն առավոտյան, երբ պատրաստվում էինք գնալ Կարսի պատմության թանգարան, հյուրանոցի տեր քուրդը խնդրեց հանդիպել իր եղբորը, ասելով, որ եղբայրն իմանալով Հայաստանից հայ հյուրեր ունի, ուզում է անպայման տեսնել նրանց: Մենք գնացինք նրա եղբոր գրասենյակ, որը ճապոնական մեքենաների վաճառքի բավականին մեծ սերվիս ուներ: Նա բավականին արտահայտված թախիծով ընդունեց մեզ, ամբողջ ընթացքում համարյա ոչինչ չխոսեց և միայն հյուրասիրեց : Մենք հասկացանք, որ հանդիպել ենք քրդի անվան տակ ապրող հայերի, բայց այդպես էլ ոչինչ չասեցինք…

Այս տարի բոլորովին պատահական, նորից հանդիպեցինք այդ մարդուն, արդեն Կարսի փողոցներից մեկում: Նա ճանաչեց ինձ իսկույն, շատ ուրախացավ և տվեց իր այցեքարտը:

Կարսի պատմության թանգարանը դրսից շրջապատված է այգիով, որտեղ տեղադրված են պատմական նշանակության բազմաթիվ հին քարեր և բոլորը հայկական գրություններով:

Մենք եղանք Կարսի քաղաքապետարանում, որտեղից պետք էր օրինական թույլտվություն վերցնել, գնել նաև այցեքարտ՝ Անի գնալու համար:

Կարսից դեպի Իգդիր տանող ճանապարհի մի հատվածում մեր մեքենան թեքվեց դեպի ձախ՝ դեպի Հայաստանի պատմական մայրաքաղաք Անի: Բավական առաջ գնալուց հետո, երբ արդեն երևում էին Անիի ավերակները, ճանապարհի աջ մասում մեզ կանգնեցրին թուրք ասկյարները: Փաստաթղթերի ստուգման անացակետ էր, որտեղից բարեհաջող անցանք: Անիի պարիսպների մոտ կանգնեցրինք մեքենան և իջանք: Մենք արդեն Անիի կենտրոնական մուտքի կամարի տակ էինք, որտեղով անցել ու ներս էին մտալ մեր փառապանծ արքաներն ու հերոս նախնիները…

Մուտքը հսկող թուրք ասկյարները զգուշացրին, որ արգելվում է տեսախցիկ ու ֆոտոապարատ ներս տանել: Ես փորձեցի բավականին լավ գերմաներեն խոսող թուրք երիտասարդ ասկյարին կաշառել իմ տեսախցիկի համար: Ոչինչ չստացվեց , որի արդյունքում ես այսօր ունեմ տեսագրած միայն մայրաքաղաք Անիի պարիսպները դրսի կողմից: Ավերակ էր Անին, որտեղ տիրում էր մի չարագուշակ լռություն: Մեզ ուղեկցող թուրք ասկյարը հրաշալի գիտեր Անիի և ավերակ բոլոր եկեղեցիների պատմությունը, որը ակամայից մի տեսակ բացատրողի դեր ստանձնեց:

 

 

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 4)

http://www.louysworld.com/archives/15335

Անին ամբողջովին ավերված էր: Չորս կողմը ավերակ եկեղեցիներ, նախշազարդ քարերի կույտեր, անխնամ տարածք, որը թողնում էր ճնշող տպավորություն: Ձորի մեջ երևում էր երբեմնի կամուրջը,որը կապել էր Ախուրյանի ափերը միմյանց և եղել Մետաքսի ճանապարհի անցակետ: Ձորից այն կողմ մերոնք էին: Աշխատում էին քարհանքում: Մենք այնքա՜ն մոտիկից ու պարզ էինք տեսնում նրանց, որ մի ներքին ցանկություն էր առաջանում ձայն տալ,կանչել … իսկ կողքիս թուրք ասկյարն էր,որ ուշի-ուշով հետևում էր մեր ամեն քայլին: Նա մեզ ուղեկցեց միակ կանգուն մնացած եկեղեցին՝ Անիի մայր Տաճարը: Ներս մտնելիս միայն զգացինք նրա վեհաշուք մեծությունը:Դա մի բարձր ու ընթարձակ սյունազարդ դահլիճ էր:Մուտքից ներս մտնելիս,աջ կողմում խորանն էր, քանդված, անշուք: Մենք այնտեղ մոմ վառեցինք և լուռ ու մունջ հեռացանք: Պարիսպներից դուրս ասկյարները խոսակցության բռնվեցին մեզ հետ: Հարց ու փորձ էին անում Հայաստանից, կարծես ամեն բան հետաքրքրում էր նրանց: Ես մեքենայից հանեցի ծովից – ծով Հայաստանի քարտեզն ու բացեցի: 7 ասկյարներ միաժամանակ կռացան իմ բացած քարտեզի վրա:Ես գերմաներենով նրանց բացատրեցի, թե ինչպես եղավ, որ Հայաստանը մնաց այսքան փոքր մի կտոր: Նրանցից ոչ մեկը չհակաճառեց,ձայն իսկ չհանեց:

Մեր մեքենան շարժվեց առաջ: Երեկոյան արդեն Իգդիրում էինք: Անհրաժեշտ իրերն էինք վերցնում,որ բարձրանանք հյուրանոց, հանկարծ նկատեցինք,որ 45-ին մոտ մի տղամարդ դանդաղ քայլերով անցնելով մեր կողքից, անընդհատ ետ է նայում, կանգնում ու նորից շարժվում է առաջ: Մեզ Կարսում քրդերն զգուշացրել էին, որ Իգդիրում չկանգնենք,քանի որ այնտեղ մեծ թվով ադրբեջանցիներ են բնակվում,որոնք վտանգ կարող են ներկայացնել: Այդ իսկ պատճառով մեզ ուշադիր զննող մարդը կասկածելի թվաց: Հանկարծ նա կտրուկ ետ շրջվեց,մոտեցավ մեզ ու մաքուր հայերենով հարցրեց. «հայեր ե՞ք»:Մենք հանկարծակիի եկանք և ասացինք՝ «այո»:Նա միանգամից պայծառացավ,հարազատին տեսած մարդու նման համարիա նետվեց դեպի մեզ,փաթաթվեց, ամուր գրկեց հորս,հետո հորս հորաքրոջ որդուն ու ասաց. «ինչ լավ է,ես էլ անցնում էի,տեսա հայկական համարներով մեքենան,ասացի սա մերոնք են,կարոտել էի մերոնց»:Հայրս հարցրեց. «հա՞յ ես, ո՞րտեղից ես»: Նա պատասխանեց,որ հայ է և Արարատի Շիդլու գյուղից է: Ասաց որ աշխատում է Իգդիրում:Հորս հորաքրոջ որդին ասաց, որ ինքը ճանաչում է Շիդլույում ապրող բոլոր բնակիչներին և հարցրեց, թե ու՞մ տղան է: Մարդը կարկամեց մի պահ,ու հետո վիզը թեքելով,կոտրված տոնով խոստովանեց, որ Շիդլույում ծնված ու մեծացած ադրբեջանցի է, մի անգամից ավելացնելով, որ այնքան շատ է կարոտել իր տանն ու հող ու ջրին, որ երբ հայեր տեսավ,սիրտը չդիմացավ ու մոտեցավ:Ասաց. «մեռնեմ ձեզ,հիմի Նախիջևանում ենք ապրում,բայց էտ Նախիջևանցիները մեզ ի՞նչ,կամ սրանք՝ էս թուրքերը մեզ ի՞նչ: Մեր հարազատը դուք էիք,մենք ձեր մոտ էինք ծնվել-մեծացել, հիմի ձեզ տեսա,ոնց որ հարազատներիս տեսնեյի,էնքան ուրախացա,կարոտս առա:Ախր էս ինչի՞ էսպես ստացվեց» :Բավականին երկար խոսեցինք ու կարոտախտով տառապող ադրբեջանցին նույն ջերմությամբ հրաժեշտ տվեց ու հեռացավ:Տեսնես գիտե՞ր,որ մենք էլ արդեն 84 տարի նույն կարոտախտ կոչվող հիվանդությամբ էինք տառապում…

Հաջորդ օրն առավոտյան շարժվեցինք առաջ: Դեպի Բայազետ տանող Իգդիրի միակ մեծ ճանապարհի խաչմերուկներից մեկի կենտրոնում դրված են 2 արագիլի արձան: Այնքա՜ ն գեղեցիկ են այդ արձանները և այնքան ճիշտ է ընտրված վայրը:Իգդիրը նախկինում հայտնի է եղել իր արագիլներով:Ասում են, այնտեղ տուն չկար, որի մոտ արագիլի բույն չլիներ:Ասում են նաև,որ ցաղասպանությունից հետո,երբ մնացած հայերը հեռացան , արագիլներն այլևս Իգդիր չվերադարձան…

Երբ վերջանում է Իգդիրը, հանկարծ, ձախ կողմում,անկանոն բլուրների ետևից , երկնքի կապույտ ֆոնի վրա փայլատակում է մեծ Մասիսի ձյունապատ գագաթը: Որքան առաջ ես գնում դեպի Բայազետ,այնքան տեսանելի է լինում այդ գագաթը :Իսկ երբ անցնելով Բայազետը թեքվում ես դեպի ձախ,գնալու համար դեպի Վան, սկսվում է վերելքը… Ոլորապտույտ ճանապարհը քանի գնում, բարձրանում է Մասիսի լանջերը և արդեն քո ձախ կողմում երևում են Արարատի երկու գագաթները:Դա տևում է մի քանի րոպե:Հետո սկսվում է վայրեջքը և կտրուկ անհետանում են գագաթները: Եվս մի քանի րոպե առաջ ենք շարժվում և հանկարծ, ձախ կողմում, Արարատի գագաթները փնտրող մեր հայացքի դիմաց երևում է Արմավիրի ատոմակայանը, որը բավականին երկար ուղեկցում է մեզ :Իսկ աջ կողմում անմշակ դաշտեր են՝ բազմաթիվ քչքչան առվակներով: Հրաշալի մի տեսարան, որը կարծես նկարչի վրձնի գործ լինի: Հարյուրավոր կիլոմետրեր առաջ ես գնում և ճանապարհի երկու կողմերում անմշակ, քարերից զուրկ մաքուր հողեր:Երբեմն դաշտի մեջ երևում են մեկ-երկու տուն,հի՜ն, խարխու՜լ ,կավե պատերով կամ որձաքարով շարված ու զարմանում ես, թե մարդիկ ինչպե՞ս կարող են այս դարում այսպես ապրել:Չկա սպասարկող ոչ մի փոխադրամիջոց և այդ դերը կատարում են երբեմն հանդիպող ավանակները:Իգդիրից դեպի Վան գնացող ճանապարհի մոտ 300 կմ-ոց հատվածի երկու կողմերում հանդիպած գյուղերի մեծ մասը նույնությամբ պահպանել էին իրենց հին հայկական անունները, ինչը շատ զարմացրեց մեզ : Իսկ երբ երկրորդ անգամ՝ 2011թ.-ի ամռանն էինք գնում այդ նույն ճանապարհով,այլևս չկար որևցե գյուղի անուն հիշատակող գոնե մեկ ցուցատախտակ: Կարծես այդ գյուղերն անուն չունեյին:

 

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 5)

 

 

http://www.louysworld.com/archives/15429

 

Մեր մեքենան առաջ է շարժվում և հանկարծ , երիտասարդ բարդիների մեջ սեղմված ճանապարհի վրա , կարծես միանգամից մեր դեմ է դուրս գալիս Բանդի – Մահու գետի կամուրջը : Ջրառատ գետի ափերի երկայնքով փռված է դաշտը , որտեղ նախկինում հայ բոշաներն են իրենց վրանները խփել ու թևածել է երգն ու պարը : Հետո ՝ պապս ու իր կամավոր մարտիկ ընկերները , Վասպուրականի գաղթականության հետ միասին եկել ու հասել են այստեղ , չիմանալով , որ դեպի Վանա լիճ գնացող այս գետի ՝ Բերկրիի ջրերը , որին հետագայում թուրքերը Բանդի-Մահու անունը տվեցին , ու այդ գետին հարակից դաշտը դառնալու են իրենցից շատերի գերեզմանը : Հայերը Բերկրի էին կոչել այդ գետի անունը ,Բերկրի՜, այսինքն բերկրանք , ուրախություն , երջանկություն բերող … Թուրքերն , այն մի չար նախախնամությամբ կոչեցին ՝ Բանդի-Մահու:Ես չգիտեմ,թե թուրքերեն ի՞նչ է կոչվում Բանդի-Մահու անվանումը,բայց այդ անվան մեջ սպրդել է հայերեն «մահ» բառը և Բանդի-Մահու գետը, մահվան գետ դարձավ իր ժողովրդի՝ Վասպուրականի հայության համար ու դրոշմվեց նրանց հիշողության մեջ, որպես կոտորածի ու սարսափի մի դժոխային վայր…

Կանգնած գետի կամրջի վրա,նայում ենք նրա հոսող ջրերին : Մտովի պատկերացնում եմ պապիս պատմած ամբողջ սարսափը ու ինձ համար արդեն դժվար է կտրվել պատկերացումներից ու վերադառնալ իրականություն,վերադառնալ այսքան հանգի՜ստ ու զուլալ հոսող ջրերին:Գետի ձախ ափին,բարդենիների ետևում տներ են ու տնամերձ այգիներ:Այգիներում մարդիկ կան:Թու՞րք են,քու՞րդ… միևնույն է ինձ համար:Հիմա,փայտփորիկի նման միայն մի բան է անընդհատ կտցում ուղեղս՝.« տեսնես այս մարդիկ չե՞ն սարսռում այս հողը փորելիս,ցանելիս:Տեսնես ստացված բերքն ու բարիքը իրենց երեխաներին տալիս,չե՞ն մտածում ,որ այն սնուցված է արյամբ,հայի´ արյամբ,թե՞ այդ արյունն ավելի է քաղցրահամ դարձնում պտուղը…Լու՜ռ ու տխուր թողնում ենք Բանդի -Մահուն ու շարժվում առաջ: Ոչինչ չենք խոսում երկար ժամանակ,ամենքս մեր մտքերի հետ ենք,ժառանգություն ստացած մեր ցավի հետ…

Լռությունը անսպասելի խախտվում է բոլորիս զարմացական բացականչություններից՝.«Վանա ծո՜վը»:Ճանապարհի աջ կողմում, մեր աչքերի առաջ բացվում է Հրա՜շքը,Վանեցու Կարո՜տն ու Երազանքը՝ Վանա ծո՜վը:Վանեցիները երբե´ք լիճ չէին ասում:Արևի ճառագայթներն ընկել էին լճի հայելու վրա և կոհակները փայլում էին մի անասելի գեղեցկությամբ ու գույներով:Եվ որքա՜ն տեղին էին այստեղ Սևակի խոսքերը՝.

Եվ գույնե՜ր,գույնե՜ր,

Որ անուն չունեն…

Աննկարագրելի է Վանա ծովակը,նման հրաշք չկա ոչ մի տեղ:Ամենատաղանդավոր նկարչի վրձինն անգամ անկարող է վրձնել այն գույները, ինչին ականատես ենք լինում մենք:Կանաչ,կապույտ,փիրուզյա,ճերմակ՝ ինչպես շողշողուն արծաթ:Այս բոլոր գույները առկա են այնտեղ և այնքան չքնաղ համադրությամբ,որ ապշում ես բնության հաճարեղության ու հրաշքի դեմ:Մա՜նր կոհակները ասես թռթռալով պարելիս լինեն լճի երեսին:Որքան առաջանում ենք դեպի Վան,գույներն այնքան փոփոխվում են,դառնում ուրիշ,դառնում ավելի հմայիչ ու մենք վերջապես հասկանում ենք,որ «էրգիր» կորցրած մեր մեծերի կարոտը չէր պատճառը,որ նրանք այնքա՜ն հեքիաթային էին նկարագրում իրենց քաղցրիկ Վանը:Վանը իր տեղով հենց հեքիաթ է,որ կա,անմոռաց հեքիաթ նրա´ համար,ով մեկ անգամ գեթ կտեսնի…

Մեր մեքենան մոտենում է քաղաքին և կապույտ ցուցանակը արդեն հուշում է՝ ՎԱՆ: Անվան ներքևում գրաված է՝. ունի 228 000 բնակչություն: Մենք այստեղ կանգ ենք առնում: Այստեղ մեզ դիմավորելու է եկել բարձրահասակ, թիկնեղ,ցայտուն աչք-ունքով , կոկիկ հագնված , մոտ 35-ամյա մի տղամարդ: Նա մեր վարորդի ծանոթն է և Վանի քաղաքագլուխ Չիլիկի եղբայրը: Թու՞րք է, քու՞րդ՝ չգիտենք… Նա ձեռքով ցույց է տալիս՝ անցնել դիմացի մայթ: Մենք շարժվում ենք ու կանգնում ալյումինե դռներ ու պատուհաններ արտադրող մի բավականիՆ մեծ արտադրամասի բակում: Մեքենայից իջնելն ու մեր զարմանքը մեկ են լինում՝ մարդը բարևում ու իր առանձնասենյակ է հրավիրում մեզ մաքուր հայերենով: Մենք ներս ենք մտնում նրա առանձնասենյակ, որտեղ սպասավորի դիրքով կանգնեծ մեզ է սպասում մոտ 65 -ամյա մի քուրդ, բավականին հնամաշ հագուստով, բայց բարի ժպիտով:

 

Աբդուլլա Չիլիկը ներկայացնում է՝. ծանոթացեք,քուրդ է, Հաջին է, հայերեն չգիտի: Մենք նրա անունն այդպես էլ չիմացանք և ուղղակի Հաջի ենք ասում նրան: Ես անմիջապես պատրաստում եմ տեսախցիկս, որ նկարեմ Վանեցի այս հայախոս մարդուն: Հետո,ոգևորված նրա հյուրընկալ պահվածքից, համարձակվում եմ հարցեր տալ՝.

-Ափո ջան,ո՞րտեղից գիտես Հայերեն:

-Բա իմ մեծ տատն ու պապս , երկուսն էլ մաքուր հայեր են եղել-պատասխանում է նա:

-Մեծ պապն ու տատտ վանեցինե՞ր էին-հարցնում եմ:

-Չէէէ՜,-ձգում է նա-պապս ու տատս մաքուր Քյավառցիներ են եղել, ազգանուններն էլ

Չիլինգարյան: Էստեղ կոտորածի տարին, որ սաղ հայերին սպանել են թուրքերը՝ քրդերի

ձեռով, հետո էլ շուռ են եկել քրդերին են սպանել: Քրդերը որ տեսել են խաբնված են

թուրքերից, խաբար են ուղարկել Հայաստան, կանչել են Հայերին: Ասել են եկեք, մենք

սխալվել ենք, եկեք միացեք մեզ, միասին կռվենք թուրքի դեմ, ազատենք երկիրը,

Հայաստան սարքեք, մենք էլ ձեզ հետ ինքնավարության կարգով ապրենք էստեղ: Բայց կոտորած տեսած հայերը վախեցել են, չեն հավատացել, չեն եկել, իսկ էն հայերը , որ կոտորած չեն տեսել, վեր են կացել ու եկել են: Պապս ու տատս էլ դրանցից են եղել: Եկել են էստեղ, տեսել են էլ ճար չկա մի բան անելու,Աթաթուրքն արդեն նոր օրենքներ է դրել ու փակել սահմանը: Մերոնք էլ վախից կրոնափոխ են եղել ու քրդի անվան տակ մնացել են էստեղ, մտածել են՝ավելի լավ է քուրդ դառնանք, քան թե թուրք: Էսպես է եղել-իր պատմությունն ավարտում է քրդացած հայ մարդն ու հանկարծ հավելում՝.-բայց Վանում շատ հայեր կան, որ քրդի անվան տակ ապրում են, վախենում են, չեն ասում, որ հայ են: Դե մարդս մարդ լինի, քրիստոնյան ո՞րն է, մուսուլմանը ո՞րն է, կարևորը որ հայ ենք-վերջացնում է նա ու լռում: Իսկ ես լրիվ համաձայն եմ մուսուլման եղող իմ այս հայրենակցի հետ ու նա ինձ համար լրիվությամբ հայ է:

-Իսկ Հայաստան եկած կա՞ս-հարցնում եմ:

-Հա՜,շատ եմ եկել: 1997թ.-ին եկա, Երևանում այ էս տիպի արտադրամաս բացեցի, ասեցի արտադրամասիս ղեկավար պիտի ընտրեմ մի չքավոր հայի, որ ոտքի կանգնի ու հասկանա իր բանվորներին: Գործը դրեցի, ղակավարին գտա, ամեն բան սովորեցրի, բացատրեցի ու եկա Թուրքիա: 6 ամիս հետո գնացի Հայաստան, տեսա էս ցեխիս ղեկավարն արդեն տուն է առել, մեքենա է առել, ամեն բան տեղը-տեղին: Ինձ տարավ իր տուն պատիվ տվեց:

 

Հետո գնացի արտադրամաս, խոսեցի բանվորների հետ, նրանք սկսեցին չորս կողմից բողոքել, թե արդեն 6 ամիս է աշխատում են, բայց դեռ մի գռոշ աշխատավարձ չեն ստացել: Շատ բարկացա: Կանչեցի ցեխիս պետին, ասեցի . -ես էսօր քո տանը խորոված կերա, քո երեխեն որ էտ խորովածն ուտում է, բա դու չես մտածու՞մ, որ էս բանվորների երեխեքն էլ մի բան ուտել են ուզում: Ինչի՞ աշխատավարձները ժամանակին չես տալիս, ինչի՞ չես հարգում բանվորներին,ախր նրանք են, որ ինձ ու քեզ փող են բերում: Սա անմեղացավ, խոստացավ ուղղել սխալը: 6 ամիս հետո երբ նորից եկա, նորից նույն պատմությունը, դեռ ավելի վատ: Վիճացինք, մյուս օրը տեսնեմ կանչեց մի 6-7 հոգի մարդ, ու դրանք պահանջեցին նույն օրը թողնել Հայաստանը, ասելով, թե ՝ թուրքն ո՞վա, որ գա մեր հողի վրա գործ դնի, դու էստեղ էսօրվանից ոչ մի բան չունես, մեկ էլ ոտքտ Հայաստան չմտնի-վերջացրեց ու քմծիծաղ տվեց Ափոն: Կարճ դադարից հետո ավելացրեց. Հայաստանում ապրող հայերը մենակ մտածում են իրանց մասին, մեկը-մեկին օգնել չունեն, չեն հասկանում, որ իրար օգնելով ավելի շուտ ոտքի կկանգնեն: ՈՒրախացան դրանք,թե մի թուրքի թալանեցին,մեծ հերոսություն արին-հանդա՜րտ,առանց բարկանալու,նույնիսկ թույլ ժպիտով պատմում է Ափոն ու լռում:Նույնիսկ ցավ չկա աչքերում:

Իսկ մենք ամաչում ենք քրիստոնյա Հայաստանում բնակվող մեր «հայ տղերքի» համար:

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 6)

http://www.louysworld.com/archives/15446

 

Ափոն,մե՜ղմ ու բարի ժպիտն աչքերի մեջ,դառնում է մեզ ու ասում՝.

-Դուք քանի օր էլ որ մնաք Վանում,հյուրանոց չեք գնա,ես ձեզ համար տեղ եմ պատրաստել,մի ծանոթ թուրք ունեմ,նրա մոր տունն ազատ է,մայրը մի քանի օրով տեղ է գնացել,տանը չի,կմնաք էնտեղ,ման կգաք ու կգնաք:Որ հյուրանոց գնաք,թուրքերն իմանան ,որ հայ եք,ձեր գլուխները կտանեն,առավոտից իրիկուն կշողոքորթեն,պատիվներ կտան,ձեռից բաց չեն թողնի,ինչ է թե՝ ձեր մեծերի պահած ոսկիների տեղն ասեք:Թուրքերը գիտեն,որ էստեղ ապրող հայերը հարուստ են եղել,պահած ոսկիներ ունեն, -վերջացնում է Ափոն ու թուրքերենով դիմում Հաջիին,բացատրում,թե նա ինչ պիտի անի:

Ափոյի փոքրիկ հյուրասիրությունից հետո,մենք դուրս ենք գալիս,Հաջին էլ մեզ հետ,նստում ենք մեքենան և Հաջին թուրքերենով դիմելով հորս հորաքրոջ որդուն՝ Վարդգեսին,ասում է ,թե դեպի ուր պիտի գնանք:Վարդգեսն սկսում է թարգմանիչի իր դերը: Մտնում ենք Վանի կենտոնական փողոցներից՝ մեկը,որը կարծես Եվրոպական մայրուղի լինի:Հանկարծ, աջ և ձախ երթուղիները բաժանող գազոնների մեջ նկատում ենք մոտ 3-4 մետր բարձրությամբ ճերմակ կատուների արձանը:2 կատուներ են,մեկը կանգնած,մյուսը՝ նստած նրա ոտքերի մոտ:

-Վանա կատունե՜րը-համարյա միաժամանակ դուրս է թռնում բոլորիս բերանից:Վանա կատու՜ն,Վանի խորհրդանիշը,կարճ,ճեփ ճերմակ մազերով և ա´նպայման մեկ աչքը վառ կապույտ,մյուսը՝ վառ դեղին:Այնքա՜ն գեղեցիկ է Վանա կատուների այդ արձանը,որ ես ցանկություն եմ հայտնում ա´նպայման գնել 2 այդպիսի կատու ու ինձ հետ բերել:Հաջին իմանալով իմ ցանկության մասին,ժպտում է ու ասում՝.

- Հայերի ջարդից հետո,թուրքերը սպանեցին էս տեսակի համարյա բոլոր կատուներին:Ասում էին,դրանք նորմալ կատուներ չեն,դրանք հայերի հոգիներն են,ու սպանեցին:Հետո,էս վերջին տարիներին հասկացան,որ սխալ են արել:Մի հատուկ ինստիտուտի շենք սարքեցին Վանում,հավաքեցին հատուկենտ մնացած կատուներին,տարան էտ ինստիտուտ,էնտեղ համ բուծում են,համ էլ ուսումնասիրում:Մեկ հատն արժի 50-100 դոլլար-խոսքն ավարտում է Հաջին:

Մեր մեքենան դուրս է գալիս կենտրոնական ճանապարհից և մտնում ոլորապտույտ,նեղ,կարծես գյուղական մի փողոց:Փողոցի երկու կողմերում կիսավեր,երբեմն էլ ամբողջովին կանգուն կավաշեն հին տներ են,դռների վրա ժանգոտված փակ կողպեքներ:Հաջին որսում է մեր հետախույզ հայացքներն ու բացատրում մե՜ղմ,ոգևորությունը կորցրած մարդու ձայնով՝.

-Հայերի տներ են բոլորը,ոնց փակել ու գնացել են ,էտպես էլ մնացել է,ձեռք տվող համարյա չի եղել:Մերոնք ու թուրքերը վախենում էին բացել ներս մտնել:Մեր մեծերից շատերն ասում էին,որ տան տերերի՝ հայերի հոգիներն էտ տների մեջ են:Մինչև հիմի էլ շատերն հավատում են դրան-ասում է,ու հայացքը գցում մեքենայի պատուհանից դուրս:

Հայերի հոգինե՜րը…Ինչքա՞ն են վախեցել հոգի չունեցող այս մարդիկ հայերի հոգիներից,որ հայերից մնացած ամեն բան այս տարածքում, կապել են նրանց հոգիների ներկայության հետ:Երևի ներքուստ զգացե՞լ են իրենց կատարած սարսափելի ոճրագործության չափն ու ահավորությունը,ո՞վ գիտե…

Մեր մեքենան անվերջ թեքվելով մեկ աջ,մեկ՝ ձախ,գնում է առաջ, նեղլիկ,ծառաշատ ճանապարհով և երբ ուղղվում է ճամփան,մեր դիմաց, իր ողջ վեհությամբ բացվում է Վարագա սարի պատկերը և մեզ մի պահ թվում է,թե՝ Վարագ ենք գնում:Վերջապես կանգնում ենք մի կիսակառույց տան մոտ:Մեքենային է մոտենում 40-45 ամիա մի թուրք տղամարդ:Նա ժպիտով առաջարկում է մեզ իջնել մեքենայից և հետևել իրեն:Մենք ուղղություն ենք վերցնում կիսակառույցի հենց հարևանությամբ գտնվող բավականին հին,բայց մաքուր ու կոկիկ տունը:Թուրք մարդու մոր տունն է,ուր պիտի գիշերենք:Ներս մտած գեղեցիկ թրքուհին ծանոթանում է մեզ հատ և խնդրում ամուսնուն ասել մեզ,որ մի քանի րոպեյից կերակուրը պատրաստ կլինի:Կնոջ հեռանալուց հետո,թուրքը հարցնում է,թե՝ի՞նչ ծրագիր ունենք,ու՞ր ենք ուզում գնալ:Վարդգեսը թուրքերենով թվարկում է՝ Ախթամար,Արտամետ,Վանա Այգեստան,Վանա Բերդ և պապիս գյուղը՝ Մխկներ:Թուրքը հանգիստ գլխով է անում ու հետաքրքրվում,թե ի՞նչ ունենք Մխկներում:Հայրս կոտրված,վատ թուրքերենով անմիջապես բացատրում է,որ իր հայրը՝ Հակոբ պապս, Մխկնցի է եղել:Թուրքը գլուխը վեր է ձգում,որպես հասկանալու նշան ու ասում՝.

-Մխկները Վանից 7 կմ հեռավորության վրա է գտնվում,անունն էլ էդպես մնացել է՝ Մխկներ:Հիմի էնտեղ բոլորը քրդեր են ապրում,վաղը կգնաք,դժվար չի-հետո,ինչ որ բան հիշելով դառնում է մեզ-պապս ու հայրս շատ էին պատմում Մխկնցի մի հայի մասին:Մինչև իրենց մահը հիշում էին էտ Մխկնցուն ու միշտ ափսոսում ու օրհնում էին:Չգիտեյին,կենդանի էր մնացել,թե՝ չէ, հայերի գաղթից հետո:Նրանք ասում էին,որ էտ Մխկնցի հայը մեծահարուստ էր ու մեծ էլ հոգու տեր,ինչքա՜ն էր օգնել մեր ընտանիքի՜ն,ու մենակ մերոնց չէ:Ասում էին,որ էտ հայը շատ խղճով մարդ էր,հավասար օգնում էր և´հայերին,և´ թուրքերին, և´ քրդերին:Վանում ուներ կտորեղենի ու նավթի խանութներ,գաղթի ժամանակ գնաց ու մերոնք էդպես էլ լուր չունեցան նրանից,թե ինչ եղավ:

Պատմում է թուրքը և հանկարծ հայրս ավելի է լարվում ու շուտասելուկի նման վրա է տալիս.

- Անունն ի՞նչ էր էտ հայի,չէին ասու՞մ:

-Հա՜,-աչքերը առաստաղին է գցում թուրքն ու փորձում հիշել-անունն ասում էին Բաղդո էր,հա,հաստատ,Բաղդո էին ասում,կնոջ անունն էլ՝ Անթառամ…

Աթոռը,որի վրա նստած է հայրս,դղրդոցով տապալվում է գետին և մեկ վարկյանում թուրքն հայտնվում է միաժամանակ հորս ու Վարդգեսի գրկում:Այդ պինդ գրկախառնումներից հանկարծակիի եկած թուրքը ,հորս ու Վարդգեսի՝ իրեն փաթաթված ձեռքերի արանքից, ապշահար նայում է երեխայի նման հոնգուր-հոնգուր արտասվող ու իրեն համբուրող 70-ին մոտ երկու հայ տղամարդկանց ու ոչինչ չի հասկանում:

Կրքերն հանդարտվում են և հայրս,սրբելով արցունքներն ասում է իր վատ թուրքերենով՝.

-Բաղդոն իմ հորեղբայրն է ու Վարդգեսի քեռին,նա հիմա Հայաստանում,մեր ընտանեկան գերեզմանոցում է թաղված,կինն էլ՝ Անթառամը, իր կողքին:

Թուրքը հասկանում է,նա էլ է հուզվում,ուրախություն կա դեմքին,զարմանք:Ո՞րտեղի՜ց՝ ո՞րտեղ…

ՈՒնե՞ն ուրիշ ժողովուրդներ այսպիսի պատմություններ,այսպիսի հանդիպումներ ու հույզեր,դժվար թե…Այս ցավը,այս կսկիծն ու այս հույզերը «նվիրեցին» մեզ թուրքերն ու քրդերն, իրենց անօրինակ բարբարոսությամբ,որ մեկ դար ու Աստված գիտե թե էլ ինչքան երկար, տանում ենք ու դեռ պիտի տանենք մեզ հետ սերնդե սերունդ:

Ես,չկարողանալով զսպել արցունքներս,նկարահանում եմ պահը ու նորից մտածում՝ հայերի հոգինե՜րը…Ահա´,սրանք են հայերի հոգիները,որոնք մեկ դար արդեն վախեցնում են ձեզ:Վախեցնու՜մ են,ինչպես խաչը՝ սատանային,ինչպես լույսը՝ մթությանը…Հայերի հոգինե՜րը,որոնք ժառանգած նույն կոտորածի ահն ու սարսափը,երկրի կարոտն ու վրեժի ծարավը,դարձյալ այսպես հալվե՜լ գիտեն ,այսպես փարվե՜լ գիտեն անգա´մ թշնամուն,որի ձեռքով մորթվել են…

Հայրս սրբում է արցունքներն ու շարունակում.

-Բաղդոն հորս հորեղբայրն էր,բայց մենք նրան պապ չէինք համարում,այլ՝ հորեղբայր,Վարդգեսենք էլ՝ քեռի:Մենք շատ փոքր էինք,ավելի լավ հիշում ենք Անթառամին,որը Վանեցի մեծահարուստի աղջիկ էր:Նա հագնվում էր շատ կոկիկ,անպայման աչքերին սուրմա պիտի դներ,նոր տանից դուրս գար, -իր հուշերն է թուրքին շարադրում հայրս-Բաղդոն ու Անթառամը երեխաներ չունեին,ու էնքա՜ն էին սիրում մեզ,ոնց որ իրենց հարազատ երեխաները լինեյինք:Միասին ապրում էինք Արտաշատում,նույն տան մեջ ու մինչև վերջ,մինչև իրենց մահը, Բաղդոյի և Անթառամի ասածն օրենք էր հորս ու մորս համար:Հայրս ասում էր,որ Բաղդոն դարդից մահացավ,Վանի կարոտից ու կորցրած երկրի դարդից:Ասում էր՝ մահից առաջ շատ էր ծխում ու անվերջ կրկնում էր՝.չ՜էէէ՜, Հակոբ, չէէէ՜ տղա, մեր էրգիր մեր ծեռքեն գնա՜ց, էլ չենք կարա Վան դառնանք,վա՜խ մեր անուշ հող ու ջուր…Ասում էր,մի օր էլ քնից վեր կացանք ու տեսանք՝ Բաղդոն տեղերի մեջ մահացած:

Հայրս վերջացնում է պատմությունը,իսկ թուրքը լու՜ռ գլուխն է տմբտմբացնում:Ի՞նչ է մտածում՝ չգիտենք,հասկանու՞մ է Բաղդո-հայի կարոտի ու ցավի մեծությունը,որը ուղիղ համեմատական է թուրքի կատարած անօրինությանը…

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ ( Մաս 7)

http://www.louysworld.com/archives/15461

Իմ ուղեղում խառնաշփոթ է:Եկե՜լ ու միախառնվել են Իգդիրում հանդիպած ադրբեջանցու կերպարը,նրա խոսքերն ու կարոտի պոռթկումը,քրդացած Ափո-հայի պատմությունն ու ափսոսանքը Երևանում ապրող իր հայրենակիցների կատարածի հանդեպ և ուղիղ 84 տարի անց,մեր՝ վանեցի գաղթականի զավակներիս ներկայությունը Վան ու վանեցի այս թուրքի հյուրընկալությունը և նրա մեծերից իրեն փոխանցված երախտիքի խոսքերն ու հիշողությունները մեր մեծ հորեղբոր՝Բաղդոյի մասին:

Չա՞րն է շատ այս աշխարհում,թե՞՝ բարին՝ մտածում եմ:Եվ այս ամենն ու մա´նավանդ Իգդիրում հանդիպած Ադրբեջանցու կարոտի պոռթկումն իր ծննդավայր Շիդլուի հանդեպ,նրա զարմացած հարցը՝ուղղված մեզ՝.«ինչի՞ էսպես եղավ», կրկնվում են ուղեղիս մեջ ու ստիպում ինքս ինձ հարց տալ՝. այո,ինչու՞ այսպես եղավ,եթե ամեն բանից անկախ, պիտի մնային այս հույզերը,այս կարոտն,այս ձեռքսեղմումներն ու գրկախառնումները:Ո՞վ դրեց ջրբաժանը մեր մեջ,մեր պարզ,ազնիվ,աշխատող ժողովուրդների մեջ,և ինչու՞ դրեց…

ԵՎ հանկարծ,իմ մտապատկերում որոշակի բաժանվում-առանձնանում են ժողովուրդներն ու քաղաքական գործիչներ կոչվող,իրենց աթոռներն ատամներով պահող փողկապավոր այրերը: Առաջինները՝ ժողովուրդը,ազգեր են,իրենց առանձնահատկություններով,իրենց քիչ թե շատ տարբեր ազգային հագ ու կապերով,միմյանցից մի փոքր տարբեր իրենց արտաքիններով,բայց բոլորն էլ համե՜ստ,չարքա՜շ,աշխատանքի դրոշմն իրենց դեմքին ու կոշտացած ձեռքերին և միմյանց հետ կարծես կիսելու ո´չ մի բան չունեն,ու թե իրենց հարց տաս,բոլորն էլ միաբերան կասեն,որ պետերազմ չեն ուզում,իսկ վերջինները՝ քաղաքական այրեր կոչվածները,կարծես մեկ լինեն՝ նույն փողկապավոր հագ ու կապով,նույն կենտրոնացած,մտազբաղ ու միմյանց հոշուտելու պատրաստ չարացած դեմքերով:

Եվ մտապատկերումս ծնված այս տեսարանն ինձ հասկացնել է տալիս ա´յն,ինչի մասին երբևէ խորությամբ մտածած չկայի:Թշնամացածները սրանք են,այս փողկապավորները,որոնք միմյանցից խլելու բան ունեն,ովքեր հաշիվներ ունեն միմյանց դեմ,ովքեր երկուստեք,հեռահար մե՜ծ նպատակներ ունեն ու կիսելու շա՜տ բան և ահա հենց սրանք են,որ իրենց թշնամանքը վարպետորեն փաթաթում են այս առաջինների՝ իրար հետ կիսելու բան չունեցող այդ չարքաշ աշխատավորների վզին ու ստիպու´մ թշնամանալ, կռվել,կոտորել միմյանց՝ լոկ հանուն իրենց նպատակների և ո´չ բոլորովին հանուն գաղափարների,քանզի ազգություն չունեցող մարդակերպ այս տեսակը,հանուն սեփական շահերի,կարող է թշնամացնել նաև նույն ազգությանը պատկանող մարդկանց,հրահրել ներազգային ընդհարումներ՝ գլուխը քարը,թե դրան զոհ չի գնա մի քանի հարյուր մարդ,միայն թե իրենց բանը հաջողի…

Ահա թե ինչու՞,երբ վայր են դրվում զենքերը,երբ կողք-կողքի են գալիս ժողովրդի ներկայացուցիչները,նրանք չեն էլ հիշում այդ թշնամանքի մասին,նրանց մեջ չկա´ թշնամանք,նրանք կարող են փարվել միմյանց,միասին հուզվել և ուրախանալ…

Տվե´ք երկիրը, խոսքը,վճիռ կայացնելու իրավունքը ժողովուրդներին և կտեսնեք թե ինչպես են նրանք լուծում ամենախրթին,անլուծելի թվացող հարցերը,տեսեք թե ինչպե´ս են ոչնչացնում բոլոր սահմաններն ու ապրում բարեկամաբար,տեսեք թե ինչքա´ն քաջ են նրանք ու ազնիվ,և ո՞նց են առանց երկմտելու հաստատում,որ իրո´ք եղել է ցեղասպանություն,որ այս տարածքներն ամբողջն հայերինն են և թե ո՞րն է այս թնջուկի լուծման բանալին…

«Ինչի՞ էսպես եղավ»…13 տարի է, զարմացած հարց է տալիս հայի հողում,հայերի հետ ծնված ու մեծացած,բայց այսօր արդեն սահմանից այն կողմ՝ Իգդիրում հայտնված ադրբեջանցին և նրա հարցն ինձ տանում է ետ,13 տարվա վաղեմիություն ունեցող անցյալ՝ 1989 թվականի Նոյեմբեր…

Ղարաբաղյան Շարժումը թևակոխել էր արդեն մեկ ուրիշ փուլ:Անվերջանալի գործադուլներից,հացադուլներից,նստացույցերից բացի,սկսվել էր զինված պայքարին նախապատրաստվելու փուլը:«Ղարաբաղ» կոմիտեյի տղաներն արդեն,Վանո Սիրադեղյանի բերանով կոչ էին հնչեցրել՝ «ի զեն» ու նույնիսկ բացեիբաց հուշել,թե ինչպե՞ս և ո՞րտեղից կարելի է ձեռք բերել զենքը:Կազմվում ու զինվում էին բազմաթիվ ջոկատներ,և´մեզ մոտ,և´ Ադրբեջանում:Իսկ Կոմիտեականները զինվելու կարիք չունեի՜ն, չէ՜:Նրանք իրենց տեսնում էին որպես փողկապավորներ՝ ապագայում:Նրանց խաղն ուրի՜շ էր ու շա՜տ տարբեր ժողովրդի պատկերացումներից:Երևանը և շրջկենտրոնները լցված էին Բաքվից ու Ադրբեջանի մյուս քաղաքներից եկած փախստական հայերով:Արտաշատն էլ մաս էր կազմում այդ բոլորին:Արտաշատի «Ղարաբաղ» Կոմիտեյի տղաները,քաղաքի կենտրոնում գտնվող թատրոնի հարթակն ու հարակից հրապարակը դարձրել էին ամենօրյա միտինգների վայր:Թատրոնի շենքը լեփ-լեցուն էր Բաքվից եկած փախստական կանանցով ու երեխաներով, տղամարդիկ հատուկենտ էին:Նրանց մեջ կային վիրավորներ,արյունը դեմքներին չորացած կանայք,որոնք բռնության էին ենթարկվել ադրբեջանցիների կողմից,կային մարդիկ,որոնք ընդհամենը գիշերանոցներով էին հասցրել փախուստի դիմել այդ ցրտին:

Կոմիտեականները անմիջապես ազգահավաքի հրավիրեցին քաղաքի բնակչությանն ու Երևանում գործող իրենց կենտրոնի օրինակով, կոչ արեցին, փախստականներին օգնելու համար գումար հավաքել:Հազարավոր մարդիկ,ամենօրյա միտինգների ժամանակ,չէին զլանում և տալիս էին իրենց լուման :Ես,որ արդեն 88-ի սկզբից սկսած ԱԻՄ-ի համախոհ էի և նրա գաղափարների առաջին տարածողը Արտաշատում,հաճախ էի ելույթներ ունենում թատրոնի այդ հարթակից,թեև ազգահավաքները կազմակերպում էր «Ղարաբաղ» կոմիտեն:

Կոչ արեցի Արտաշատցիներին,ուտելիքով ու հագուստով օգնել թատրոնի շենքում ապաստանած փախստականներին և ես ինքս էլ իմ լուման ներդրեցի:Ձմեռ էր արդեն մոտենում,ցուրտ էր և կոչով նորից դիմեցի մարդկանց,հերթագրվելու և իրենց տանիքների տակ ապաստան տալու փախստական հայերին:Գալիս էին Արտաշատցիները,շրջկենտրոնից ու գյուղերից,հերթագրվում էին,հայտնելով,թե ով որքան մարդ կարող է ընդունել իր հարկի տակ և Կոմիտեականների հետ միասին սկսեցինք փախստականների տեղավորումը:Քաղսովետն ընդառաջեց և թույլատրեց նրանց տեղավորել նաև քաղաքի հուրանոցում և ուսումնարանի հանրակացարանում:

Բայց այս ամենը խնդիրն ամբողջությամբ չլուծեց:Շատ էին փախստականները,նրանցից շատերն էլ քմահաճ,չէին ցանկանում ապաստան գտնել ուրիշների հարկի տակ և պահանջում էին իրենց տանել Արարատի շրջանում գտնվող մոտակա գյուղերը,որտեղ ադրբեջանցիներ էին ապրում,որպեսզի նրանց հետ տների փոխանակում կատարեն:Սրանք կանայք էին հիմնականում,համարյա բոլորը Բաքվի կենտրոնից:Ես բերել տվեցի մի ավտոբուս և նրանք՝ թվով մոտավորապես 30 կին, ինձ հետ միասին ուղևորվեցին Արարատի շրջանի,բացառապես ադրբեջանցիներով բնակեցված Շիդլու և Խալիսա գյուղերը:Գյուղերի բոլոր փողոցներում փոքրիկ խարույկներ էին վառված:Ադրբեջանցիներն անհանգիստ էին,սպասողական վիճակի մեջ և ընտանիքներով կանգնած խարույկների մոտ,տաքանում էին:Գիտեին արդեն,թե իրենց ազգակիցները Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ինչպես էին վայրագաբար կոտորել հայերին,բայց ինչի՞ համար՝ չգիտեինք ոչ մե´նք,ոչ ՝ նրանք իրականում:Ասում էին՝ ազգային պատկանելիության,Ղարաբաղի հարցը Հայաստանում բարձրացնելու համար:Բայց սրանք արդյո՞ք պատճառ էին՝ այդ տեսակ ահավոր ոճիր իրականացնելու համար:Բանը հասել էր նրան,որ Բաքվից,Կիրովաբադից ու հարակից շրջաններից էին արդեն տեղահանում հայերին և նրանք ,մազապուրծ,եկել ու լցվել էին Հայաստան:

Այս ամենի մասին գիտեին Հայաստանում ապրող ադրբեջանցիները և ասում էին,որ նրանք շատ անհանգիստ են,գիշերներն հսկողություն են սահմանել գյուղերում:Սումգայիթի ջարդերը տեղի էին ունեցել 88-ի սկզբին՝ փետրվարին և այդ վայրագությունները շարունակվե՜լ հասել էին արդեն 89-ի Նոյեմբեր ,բայց այդ ամբողջ ընթացքում,այդ ահավոր ջարդերից,բարբարոսություններից հետո ,Հայաստանում դեռ ո´չ մի ադրբեջանցու քիթ անգամ չէր արնոտվել:Եվ հենց այսպիսին էր իրադրությունը,երբ մենք մտանք Շիդլու ու Խալիսա գյուղեր: Նրանք նայում էին մեզ կասկածամիտ,բայց ո´չ թշնամական հայացքներով:Մենք հատ-հատ մոտենում էինք նրանց:Բաքվեցի հայ կանայք ադրբեջաներեն լեզվով սկսում էին բացատրել իրենց ուզածը:Որոշ մարդիկ իսկույն համաձայնվում էին և սկսում սակարկել տների փոխանակման հարցով:Խոր աշուն էր և մութն արագ էր վրա տալիս:Մեր ավտոբուսի վարորդն սկսում էր անհանգստանալ ու պահանջում՝ անհապաղ հեռանալ,վախենալով,որ հանկարծ զինված հարձակում կարող է լինել ադրբեջանցիների կողմից:Մենք էլ էինք արդեն անհանգիստ և հեռացանք:

Հաջորդ օրը,պայմանավորվածության համաձայն,բոլորս հավաքվեցինք Արտաշատի թատերական հրապարակում,որպեսզի նորից մեկնենք Արարատի շրջանի ադրբեջանաբնակ գյուղեր: Մեզ մոտեցավ Արտաշատի «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկը՝ Հերոս անունով ու դիմելով ինձ,պահանջեց ցրել փախստական կանանց ու չգնալ Շիդլու և Խալիսա:Իմ հարցին,թե՝ ինչու՞,նա պատասխանեց՝.

-Արարատի «Ղարաբաղ» կոմիտեի տղաներն իմացել են,որ երեկ գնացել եք այդ գյուղեր տներ փոխանակելու հարցով,շատ են ջղայնացել:Վազգենը խաբար է ուղարկել,որ իրենց շրջանի հետ գործ չունենանք,ասում է՝մեր շրջանի ադրբեջանցիների հարցը մենք էլ կլուծենք,դուք ձեր Արտաշատի փախստականներին տեղավորեք ձեր շրջանում,Արարատի ադրբեջանցիները մեր փայն են:

Խոսքը վերաբերվում էր Վազգեն Սարգսյանին,որն այն ժամանակ հատուկ ճանաչում չուներ,Արարատի կոմիտյականներից էր ընդամենը,որին գիտեի,քանի որ երբեմն գալիս էր Արտաշատի միտինգներին մասնակցելու և հարթակի վրա զրույցի էինք բռնվում:

Հերոսի ասածն ինձ շատ զարմացրեց ու բարկացրեց նաև:

-Ի՞նչ մեր շրջան ու ձեր շրջան,չհասկացա՞-բարկացած դիմեցի Հերոսին-մեր շրջանում կա՞ն ադրբեջանցիներ,որ նրանց հետ այս մարդիկ փոխանակում կատարեն:Ես հենց հիմա այս կանանց հետ կգնամ Արարատի շրջան ու թող մեկը գա ինձ արգելի:Մորաքրոջս որդին,որն այդ ժամանակ կանգնած լսում էր մեր խոսակցությունն,ասաց ինձ.

-Դուք նստեք ավտոբուսն ու շարժվեք,ես ընկերոջս հետ մեքենայով ձեր հետևից գալիս եմ:Գնանք տեսնենք էտ ո՞վ պետք է արգելի:

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 8)

http://www.louysworld.com/archives/15513

 

Մեր ավտոբուսը շարժվեց առաջ: Խալիսա գյուղի մոտ, դուրս գալով կենտրոնական մայրուղուց, թեքվեցինք աջ և գնացինք դեպի գյուղ: Խալիսա տանող ճանապարհի երկու կողմերում մերկացած, աշնանային դաշտեր էին: Արդեն երևում էին գյուղի տները և հանկարծ, ճանապարհը հսկող միլիցիոները ձեռքի շարժումով կանգնեցրեց մեր ավտոբուսը և պահանջեց իջնել ու ոտքով շարունակել ճամփան:

 

Մենք չգիտեինք ,թե ինչ է պատահել, բայց նկատեցինք ճամփին կանգնած են ևս մի քանի մարդատար մեքենաներ: Ճանապարհը շարունակեցինք ոտքով , մտանք Խալիսա ու …կարծես միանգամից ընկանք դժողք:

 

Ահավոր գոռում-գոչյունի ձայներ, օգնության կանչեր ,լաց ու կոծ: Թեքվեցինք դեպի աջ՝ որտեղից լսվում էին այդ ողբն ու աղաղակները: Ամբողջ փողոցը ծածկված էր փաստաթղթերով, անձնագրերով, ծննդյան վկայականներով, որոնց մի մասը պատառոտված էին: Սկսեցինք մի փոքր վախենալ՝ ադրբեջանցինե՞րն են հարձակվել մերոնց վրա, ի՞նչ է պատահել… Հետո հանգստացանք այն մտքից, որ հայերիս համար վտանգավոր բան լինելու դեպքում, միլիցիոները կզգուշացներ և թույլ չէր տա մտնել գյուղ: Քանի գնում էինք առաջ ,աղմուկն այնքան ավելի լսելի էր դառնում:

 

Առաջին բանը որ տեսանք՝ ճանապարհին կանգնած մի բեռնատար էր, նրա հարևանությամբ էլ դեղին գույնի «ժիգուլի» մակնիշի մի մեքենա: Մոտեցանք և ականատես եղանք մի ահավոր տեսարանի: Արարատի «Ղարաբաղ» կոմիտեի տղաները, անցած Նախիջևանի Զնաբերդ գյուղի փախստականների գլուխ, օգտագործելով նրանց հոգու ցավն ու վրեժի ծարավը, բռնի տեղահան էին անում ադրբեջանցիներին: Նրանց մեջ ես ճանաչեցի Վազգեն Սարգսյանին ու Կամո անունով մեկին, որը հաշմանդամ էր, մեկ ոտքը կորցրած և շարժվում էր ձեռնափայտերի օգնությամբ: Կամոն կանգնած դեղին «ժիգուլու» մոտ, կատաղի հայացքով հետևում էր այս ամենին, իսկ Վազգենը արագ-արագ ներս ու դուրս անելով ադրբեջանցիների տներ, բարձրաձայն բղավելով հրահանգում էր այդ տներ ներխուժած հայերին: Նա ձեռքին ուներ մոմլաթե մի մեծ տոպրակ և պահանջում էր ադրբեջանցիներից թալանած ամբողջ ոսկեղենն ու փողերը բերել ու հանձնել իրեն, ասելով, որ այն պետք է օգտագործվի փախստականներին օգնելու և զենք ու զինամթերք գնելու համար:

 

Կարճ ժամանակից հետո, այդտեղ հայտնվեցին նաև Արտաշատի կոմիտեականները՝ Հերոսի և Սեդրակի գլխավորությամբ, իրենց հետ բերելով մի քանի Արտաշատցի կանանց, որոնք չէին փայլում իրենց բարոյականությամբ և այդ սոդոմ-գոմորը նոր թափ ստացավ: Տներից բռնի դուրս էին հանում ադրբեջանցիներին, գանակոծելով բերում և ստիպում բարձրանալ բեռնատարի թափք: Ես և փախստական կանայք կանգնած բեռնատարի հարևանությամբ գտնվող տան մոտ, դիտում էինք այդ ահասարսուռ տեսարանը: Արտաշատի կոմիտեականների հետ եկած կանանցից երկուսը բարձրացան բեռնատարի թափք: Նրանք խուզարկում էին թափքում գտնվող ադրբեջանցիներին, նրանցից խլելով թաքցրած փողերն ու ոսկեղենը և հանձնելով Վազգեն Սարգսյանին: Ադրբեջանցիներն արդեն կամովին, լքելով իրենց տները, խումբ-խումբ գալիս էին, որ բարձրանան բեռնատար: Նրանք պարտադիր ենթարկվում էին գանակոծության և թափքում գտնվողները նրանց մի կերպ քաշում էին վերև:

 

Հանկարծ այդ թոհ ու բոհի մեջ , փողոցով մեկ տարածվեց ահավոր մի վայնասուն: Երկու թևերից բռնած, քարշ տալով բեռնատարին էին մոտեցնում 70-75 ամյա մի կնոջ: Նա սրտապատառ լաց էր լինում ու բղավում հայերենով՝. -չեմ գնա,իմ տնից ոչ մի տեղ չեմ գնա,սպանեք ինձ: Նրան հասցրեցին մեքենայի թափքի մոտ, ստիպում էին բարձրանալ, բայց ծեր կինը դիմադրում էր: Հետո նրան մոտեցավ Կամոն, բարձրացրեց ձռնափայտը , ուժգին հարվածով ծեր ադրբեջանուհուն տապալեց գետին և սկսեց, որքան ուժ ուներ, այդ ձեռնափայտով հարվածել կնոջ փորին ու կրծքին:

 

Մենք քարացանք: Կողքս կանգնած մորաքրոջս որդին շուռ եկավ մեջքով դեպի տեսարանը, ասելով՝.«վայ,Աստված ջան, էս ի՞նչ են անում»: Կամոն շարունակում էր հարվածել ու հայհոյել, իսկ կինն արդեն ծանր էր շնչում, դեմքն ամբողջովին արյունոտվել էր: Հետո, մեքենային մոտեցած ադրբեջանցի տղամարդիկ նրան բարձրացրեցին մի կերպ ու հրեցին դեպի թափք: Դեռ ուշքի չէինք եկել այս տեսարանից, երբ ինձ մոտեցան երեք երիտասարդ ադրբեջանուհիներ: Նրանք աղեկտուր լաց էին լինում: Նրանցից մեկը, որը կլիներ 17-ից 19 տարեկան՝ հղի էր, երևի արդեն 8-9 ամսեկան: Հղի կնոջ թևերը մտած աղջիկները, սրտապատառ լաց էին լինում ու խնդրում ինձ օգնել, որ հղին անվնաս բարձրանա բեռնատարի թափք, ասելով՝.

-Քույրիկ,քույրիկ,տե´ս, հղիյա, հեսա կազատվի, մի թող որ ծեծեն, վնաս տան, թող բարձրանա մեքենա:

Ես նրանց հետ երկու քայլ արեցի դեպի բեռնատար: Չարացած աչքերով մի հայ տղամարդ մոտեցավ մեզ: Ես ձեռքս դեմ արեցի հղի կնոջն ու դարձա հայ տղամարդուն, ասելով՝.

-Ձեռք չտաք, հղի է ,թող բարձրանա մեքենա:

-Թող բարձրանա-համաձայնվեց հայը:

Վերևից երկու ադրբեջանցիներ քաշեցին նրան դեպի թափք, բայց հանկարծ, ներքևից նրան մեկնվեցին չորս տղամարդկային ձեռքեր և հղի կինը տապալվեց նրանց ոտքերի տակ: Ես նետվեցի առաջ, բղավելով, որ ձեռք չտան: Բայց Արարատի կոմիտեականներից մեկը գոռաց ինձ վրա, թե՝. ե´տ քաշվիր և ոտքով հարվածեց ձեռքիս: Մեկ վարկյան ևս, և հղի ադրբեջանուհին հայտնվեց գազազած տղամարդկանց ոտքերի տակ:Ես շրջվեցի, որ չտեսնեմ այդ ամբողջը: Միայն լսում էի, որ ավելի բարձր էին բղավում ու լալիս ադրբեջանցի կանայք, ասելով. «մեռա՜վ»:

 

Հետո, երբ շրջվեցի , հղի ադրբեջանուհուն արդեն պառկեցրել էին բեռնատարի թափքի հատակին ու գլխի տակ շոր դրել: Չգիտեյի մահացա՞ծ էր նա,թե՞ կենդանի: Կողքիս փախստական կինը շշնջաց ականջիս՝.- եթե չի մահացել,անպայման կմեռնի: Նրա շշնջոցի մեջ ցավ կար, վա´խ…Նրա´, որ ականատես էր եղել նույնատիպ բաների Ադրբեջանում, որ իրականացրել էին ադրբեջանցիները մերոնց հանդեպ: Փախստական այդ հայուհի՜ն, որն անցել էր նմանատիպ դժողքի միջով, բայց մարդ էր մնացել ու հոգում բույն չէր դրել վրեժը…

Մենք ցավով ու սարսուռով թողեցինք Խալիսան, այնտեղ անելու բան չունեինք այլևս, վերադարձանք ավտոբուս և շարժվեցինք Արտաշատ: Հաջորդ օրն առավոտյան լուր ստացա, որ այս դեպքերին ականատես մորաքրոջս 29-ամյա որդին անկողին է ընկել ու տենդի մեջ է: Ես գնացի նրան տեսության: Նա միայն մի բան էր կրկնում շարունակ՝.

-Աչքիս առաջից չի հեռանում էն ծեր կինը, չեմ կարողանում մոռանալ: Պատկերացնում էի, որ մորս էին գցել գետնին ու այդպես ծեծում:

Նա երկու ամիս տենդի մեջ պառկեց անկողնում և հետո կամաց-կամաց կազդուրվեց: Իսկ դեպքի հաջորդ օրն իսկ, Արտաշատի թատերական հրապարակում ինձ շրջապատեցին կոմիտեական Սեդրակն ու նրա հետ Խալիսա եկած ագրեսիվ կանայք: Նրանք սկսեցին պատասխան պահանջել՝ հղի ադրբեջանուհուն պաշտպան կանգնելուս համար: Ասում էին՝.

-Ինչի՞ էիր պաշտպան կանգնում էտ ադրբաջանցուն,նրա փորից դուրս եկածը վաղը մեզ կմորթի:

Իսկ ես ոչ թե արդարանում էի, այլ պատասխանում հաստատակամորեն, որ հղի արարածի վրա ձեռք բարձրացնելը սրբապղծություն է, գազանություն, որ մենք չենք կարող թուրք լինել, մեր գեներում չկա «թրքություն»: Ասում էի՝.« մեր կռիվը սահմաններում է, մարտի դաշտում, թե այդքան քաջ եք, վեր կացեք գնացեք սահման»: Ասում էի, որ Անդրանիկն անգամ թույլ չէր տալիս, որ վնասեն թուրքի կանանց ու երեխաներին: Իսկ նրանք անդրդվելի էին: Եվ այս դեպքի պատճառով, ես դարձա ոչ վստահելի մարդ այդ կոմիտեականների համար:

Այս երկա՜ր ու ձիգ տարիներին, քանի՜անգամ է այս պատկերն եկել իմ աչքերի առաջ ու հեռացե՜լ… Իսկ տեսնես Սեդրակն հիշու՞մ է այս բոլորը և ի՞նչ է մտածում հիշելիս: Սեդրակն այսօր բարձր պաշտոն ունի Արտաշատում, Արտաշատի ՍոցԱպի պետն է և ամեն օր գործ է ունենում ծերերի և կարոտյալների հետ…

«Ինչի՞ էսպես եղավ»… Կտցում է ուղեղս Իգդիրում հանդիպած և Շիդլույից այսպե´ս բռնագաղթված ադրբեջանցու հարցը, որն այսքանից հետո ժպտալ գիտի մե´զ, փարվե´լ գիտի մեզ, ինչպես մենք՝ մեզ կոտորած, մեր երկիրն ու մեր տունը մեզանից խլած ահա այս վանեցի թուրքին… Հիշողություններս երկարու՜մ,ձգվում են առաջ:

Ճիշտ այդ ժամանակ՝ 1989-ի Նոյեմբերին, մենք՝ Արտաշատի և Արարատի ԱԻՄ-ականներս միավորել էինք մեր ուժերը: Արարատի ԱԻՄ-ի նախագահն էր հին քաղբանտարկյալ Արարատ Թովմասյանի որդին՝ Մուշեղ Թովմասյանը և մենք հաճախ հավաքվում էինք նրանց տանը ժողովների, քննարկելու մեր հետագա ծրագրերը: Արդեն 3 ամիս էր, որ ավագ եղբորս՝ Սամվել Մարգարյանի գլխավորությամբ կազմվել էր կամավոր մարտիկների ջոկատ և նրանք զինված ամենապարզ որսորդական հրացաններով խրամատավորվել էին Գորիսի շրջանի Արավուս սահմանամերձ գյուղի մատույցներում, որտեղ հաճախակի էին դարձել ադրբեջանական կողմի հրաձգությունները: Ես արդեն այս ջոկատի գոյության մասին տեղյակ էի պահել «Անկախության Բանակ» ստեղծելու աշխատանքներ տանող Մովսես Գորգիսյանին, արդեն կազմակերպվել ու տեղի էր ունեցել Մովսեսի, բանտից նոր ազատված Աշոտ Նավասարդյանի և Սամվելի հանդիպումը: Նրանք համաձայնության էին եկել նույն գաղափարի շուրջ և փաստորեն այս ջոկատով դրվեց ԱԻՄ-ի «Անկախության Բանակ»-ի հիմքը, ինչպես և հետագայում՝ 1990 թվականի Ապրիլի 2-ին , նորի´ց այս ջոկատի մարտիկների միջոցով դրվեց ՀՀԿ-ի հիմքը, ովքեր մեկ մարդու նման հետևեցին ԱԻՄ-ից հեռացած Աշոտ Նավասարդյանին և դարձան նրա ստեղծած ՀՀԿ-ի ամենաառաջին անդամները :

 

Մի երեկո,ես ու Մուշեղ Թովմասյանը մեկնեցինք Գորիս, բացատրական աշխատանք տանելու և անդամագրելու ջոկատի մարտիկներին: Նրանք տեղավորվել էին գյուղի հարդանոցներից մեկում և խումբ-խումբ, գիշեր-ցերեկ պարտադիր հսկողություն էին իրականացնում սահմանի վրա փորված խրամատներում: Այս խենթե՜րն, իրավ, ի՞նչ պետք է անեին ադրբեջանցիների և այդ ժամանակ նրանց օգնող Ռուսական կանոնավոր բանակի դեմ իրենց հի՜ն, որսորդական հրացաններով: Նրանք չէին էլ մտածում այդ մասին, վտանգված էր Հայրենին , իսկ նրանք մտածելու, կշռադատելու ժամանակ չունեին: Նրանք դուրս էին եկել իրենց կյանքը դնելու ազգի ազատության զոհասեղանին: Նրանց զենքը՝ առաջին հերթին իրենց անկոտրում ոգին էր,ԿԱՄԱՎՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ, մեծն Նժդեհի խոսքերով ասած՝ նախ հաղթում է մահվան սարսափն իր մեջ, հետո նոր դուրս գալիս ռազմի դաշտ՝ հաղթելու թշնամուն: Մտածելու հերթը հետո էր գալու…

 

Եվ եկավ ժամանակը մտածելու, որ անհրաժեշտ է մի փոքր լավ զինվել: Զենքի մի մասը բերվում էր Ռուսաստանից և բերվում էր որոշակի գումարի դիմաց: Իսկ Խալիսայի դեպքերից ընդհամենն օրեր էին անցել: Արդեն կապ էր հաստատվել որոշակի մարդկանց հետ, պայմանավորվածություն էր կայացել զենքերի փոխադրման հարցում, իսկ անհրաժեշտ գումարի չնչին տոկոսը կար ընդհամենը, այն էլ բացառապես ջոկատի մարտիկների համեստ միջոցներից գոյացած: Օգնության հարցով,եթե չեմ սխալվում,Մուշեղն էր, որ դիմեց Վազգեն Սարգսյանին: Իսկ նա կտրականապես մերժել էր, ասելով թե իրենց մոտ ոչ մի գումար էլ գոյություն չունի և լսածը սխալ տեղեկություն է: Մուշեղը Սամվելին տվեց Վազգենի հեռախոսահամարը :Եվ մի երեկո,Արարատում հանդիպեցին Սամվելն ու Վազգենը: Գործի մասին մանրամասն տեղեկանալուց հետո,Վազգենի պատասխանը այս էր եղել՝.-«Խալիսայի եղածից մի քիչ փող է մնացել, էն էլ մեր շրջանի համար է, դուք գնացեք ձեր Արտաշատից ճարեք էտ փողը»:

 

Սամվելը բարկացել էր, ասել՝ «իմն ու քոնը ո՞րն է, ես որ գնացել եմ սահման, իմ համար ե՞մ գնացե»լ: Բայց Վազգենն անդրդվելի էր մնացել և հազար ու մի պատճառաբանություններով, մերժել էր գումար հատկացնել, չնայած այդ ժամանակ Արարատում չկար ոչ մի զինված խմբավորում, որոնց կարիքների համար պետք է ծախսվեր այդ ահռելի գումարը: Խալիսայի ադրբեջանցիներից թալանված այդ գումարից ու ոսկեղենից, ինչպես նաև՝ Երևանում և Հանրապետության համարիա բոլոր շրջաններում փախստականներին օգնելու անվան տակ հավաքված խոշոր չափի գումարներից, այդպես էլ ոչ մի գռոշ չծառայեց իր նպատակին: Դրանք յուրացվեցին կոմիտեականների կողմից , ովքեր հենց այդպե´ս ու այդ ժամանակից դրեցին երկիրն ու ժողովրդին հետագայում խաբելու և անխնա թալանելու հիմքերը: Վազգենի այդ անբեկանելի «իմն» ու «քո՜»-նը պահպանվեց մինչև իր կյանքի վերջ…

Այս դեպքից հազիվ էր անցել մեկ ու կես ամիս, 1990 թվականի Հունվարի 19-ինն էր, երբ սկսվեցին Երասխավանի մարտերը : Եվ Վազգենի օգնության կանչին ամենաառաջինը մարտի նետվեցին Արտաշատի «Անկախության Բանակ»-ի հենց ա´յս մարտիկները, որոնք ոչ Վազգենին հիշեցրին նրա չարաբաստիկ «իմն» ու «քո»-նը, ոչ էլ իրենք հիշեցին, որ Արարատի շրջանը «իրենցը չէր»:Նրանց անձնուրաց, կազմակերպված ու հերոսաբար մարտի դաշտ նետվելու վրա զարմացավ անգամ ինքը՝ Վազգեն Սարգսյանը, որը մարտերից հետո պաշտոնական թերթերից մեկում գրեց մի ծավալուն հոդված՝ հիացական խոսքեր շռայլելով Սամվել Մարգարյանի ղեկավարած ջոկատին:

« Ինչի էսպես եղա՜վ»…

Բացվող դռան շրխկոցը ինձ վերադարձնում է իրականություն… Ներս մտած թրքուհին ժպտալով գետնին փռված սփռոցին է դասավորում ափսեները և քիչ անց, ամբողջ սփռոցը ծածկվում է այս հյուրասեր թուրքերի տան բարիքներով՝ վանա շորվա, վանա փլավ, վանա ժաժիկ, վանա խաղող, վանա հաց… համե՜ղ, որպիսին չենք կերել երբևէ… Հա՞մն է ուրիշ, թե՞ մեր կարոտն է համ տվել այս բոլորին:

Նստած ենք ծունկ-ծնկի տված՝ հայ, թուրք, քուրդ ու նաև քրդացած հայ և վայելում ենք Վանա բարիքները՝ ուրա՜խ,կատակո՜վ: ՈՒտելիքը վերցնում ենք նույն ամանից, միմյանց ենք փոխանցում հացն ու մրգերը ու չենք էլ հիշում, որ քրիստոնյա ենք ու մուսուլման…

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 9)

 

«Ինչի՞ էսպես եղավ» ...նորից հանգիստ չի տալիս փայտփորիկի կտկտոցը:Կոտորեցին մեզ,սփռեցին աշխարհով մե՜կ,իսկ մենք անգամ իրավունք չունեցանք հիշելու,ողբալու,բողոքելու...Հիմի եկե՜լ ու հասել ենք Վան,եկել ենք ո´չ որպես տանտեր,այլ որպես հյուր:Եկել ենք եկվորների´ մոտ ու չգիտենք,հիմի մե՞նք ենք տանտերը,թե՞ նրանք:Մենք գիտե´նք,որ մերն են այս հողն ու երկինքը, նաև նրա´նք գիտեն:Մենք հուշեր ունենք,չա՜ր հուշեր,որ մեզ հանգիստ չեն տալիս,թույլ չեն տալիս ապրել լիարժեք:Մեր զոհերի,մեկ ու կես միլիոն զոհերի աճյունները չամփոփվեցին հողում,իսկ թուրքը չի հասկանում,որ հողին չհանձնված մարդու հոգին ,մարմնից զատվելով երկինք չի գնում,մնում է իր անտերունչ մարմնի կողքին,մնում է հավիտյա՜ն,այդ հոգին ձա՜յն ունի,բողոքի՜ ձայն,պահանջի՜ ձայն,որ այն չի´լռելու,այն մի´շտ արթուն,մի´շտ զգոն է պահելու ապրողներիս և ստիպելու´ է բուղուքե՜լ... Մենք ասելու բա՜ն ունենք,պահանջելու բան՝ նրանց ձայնով,նրա´նց փոխարեն...Եվ մեր հոգու բողոքը գրանիտ է դարձել,վեր խոյացել ու խրվել կուրծքը երկնի...

«Ինչի՞ էսպես եղավ»:

Ապրիլ էր,դանդա՜ղ բարձրանում էինք դեպի գրանիտե մեր բողոքը,դեպի Ծիցեռնակաբերդ:Բազմահազար մարդկանց մեջից հանկարծ մեկը ձայն տվեց ինձ:Շրջվեցի դեպի աջ:Վազգենն էր Սարգսյան,նրա հետ էլ Կամոն:Մոտեցա,բարևեցի:Վազգենը մտահոգ էր երևում,կարծես մի փոքր չարացած և միանգամից դիմեց ինձ՝.

-Խալիսայից բերած փողերի մասին դու՞ էիր ասել տղաներին:

-Հա,ի՞նչ կա որ,չասե՞ի-զարմացա նրա հարցի վրա:

-Էտ փողերից մի կոպեկ մենք չենք կարա ոչ մեկին տանք,որտև դրանք մեր կյանքի գնով ենք ձեռք բերել ու մերն են-կտրուկ,շեշտված,առանց երեսիս նայելու ,շուտասելուկի նման վրա տվեց Վազգենը:

-Բայց մենք ընդհամենը զենք ու զինամթերքի համար ենք ուզել գումար-արդարացա ես:

-Արտաշատից պիտի ճարեիք էտ փողը,ոչ թե գայիք իմ մոտ-նետեց նա:

-Ախր Արտաշատը ո՞րն է,Արարատը ո՞րն է,ես չեմ հասկանում:Էտ զենքով չպիտի՞ կռվենք ընդհանուր թշնամու դեմ-բարկացա ես:Նա դարձավ դեպի ինձ,նայեց աչքերիս մեջ ու բարկացած ,բայց բավականին ցածրաձայն,որ միայն մեզ լսելի լինի,ասաց՝.

-Իսկ դու գիտե՞ս,որ Խալիսայի ադրբեջանցիներն արդեն բողոքել են:Ռուսները նրանց հետ զինվորներ են դրել,մայիսի 15-ին դատ է լինելու էտ գործով ու ադրբեջանցիները,ռուս զինվորների հետ գալու են Արարատի դատարան,կարող է մեզ տանեն ոտքով-գլխով կորցնեն...

-Ես այդ օրն անպայման կգամ դատարան- նրա խոսքը կիսատ թողեցի ես:

-Ի՞նչ-ավելի բարկացավ Վազգենը-ադրբեջանցիներին էլ հենց էտ է պետք:Նրանք ռուսներին ասել են,որ Խալիսայում էտ դեպքի ժամանակ կանայք էլ են եղել,հիմի նրանք հենց էտ կանանց են ման գալիս:Գաս,հանկարծ ճանաչեն քեզ,տանեն վախեցնեն,կին ես,սկսես պատմել եղածը,լռիվ գնանք կորե՞նք:Գիտե՞ս, Արարատի միլիցաները մեզ բռնել տարել էին,էն տեսակ դաժան ձևով ծեծեցին ինձ ու Կամոյին,փոքր գրատախտակ կար,էտ գրատախտակով էնքան են տվել գլխներիս,որ էլ ասելու չի,հեսա,թող Կամոն ասի-վկայակոչեց Կամոյին Վազգենը,որն էլ ձեռքի շարժումով ու գլուխը ձգելով վերև՝ հաստատեց նրա ասածը:

-Վերջը, խոստովանել ենք եղածը-շարունակեց Վազգենը-մոտ 60 հազար ռուբլի տվել եմ Արարատի միլպետին էտ փողերից,որ պրծել ենք դրանց ձեռից,ու հլը տեսնենք,թե դատի գործը ոնց է վերջանալու-մի քանի վարկյան լռեց,հետո նորից դարձավ ինձ-իսկ դու,Սվետա,հիշիր սա-մատը բարձրացրեց ու մի փոքր իմ կողմը թեքվեց Վազգենը-հիշիր քո ամբո´ղջ կյանքում,չմոռանա´ս,էտ բանը դու ոչ տեսել ես,ոչ էլ գիտես:Հասկացա՞ր:Հուր ու հավիտյան մոռացիր էտ մասին ու այլևս ոչ մեկի մոտ խոսք դուրս չգա բերանիցտ-խիստ,խորհրդավոր,չարացած ասաց նա ու լռեց:Ես թողեցի նրանց և ավելի արագ քայլերով առաջ անցա,առանց որևիցե մեկ բառ ասելու: Իսկ ադրբեջանցի «հայցվորները» եկա՞ն...Այս հարցը տալիս եմ մինչ այսօր:

Գնու՜մ էինք Ծիծեռնակաբերդ,հարգելու անմեղ զոհերի հիշատակը,դեռ չիմանալով,թե ինչքա՜ն նոր զոհեր ենք ունենալու,որոնց մի մասը՝ թիկունքից խփված... որոնց մասին էլ պիտի փորձեինք լռե՜լ,փորձեինք մոռանա՜լ «հուր ու հավիտյան»...

...Երեկոյան հնչող ազանի ձայնը,որ նամազի է կանչում մուսուլման հավատացիալներին,ինձ ետ է բերում իրականություն:Նստած ջերմ զրուցում են մերոնք Հաջիի ու տանտեր թուրքի հետ,ինչպես հի՜ն ծանոթներ,իսկ թրքուհին մեր անկողիններն է պատրաստում:

... Առաջին լուսաբացն է Վանում:Սա իրոք հրաշքի է նման:Քիչ անց գալիս է Ափոն և ընթրելուց հետո նրա մեքենայով շարժվում ենք դեպի Վանա բերդ:Մեքենան թեքվում է դեպի աջ և մենք արդեն առաջ ենք գնում հայտնի Խաչփողանով,որը նախկինում կենտրոնական ու ամենահայտնի խաչվող փողոցն է եղել Վանում:Երևում է Վանա բերդը,բարձր,ժայռոտ բլրի վրա, վեր ցցված կավաշեն պարիսպներով:Տոմսակ ենք գնում ու մտնում բերդի տարածք:Առաջին բանը որ նկատում ենք,մեծ ու գեղեցիկ,ճյուղերը ներքև կախած ուռենու տակ եղող քյահրեզն է՝ Վանա քյահրեզներից մեկը:Վանեցիք Վանում եղող անուշահամ բոլոր աղբյուրներին քյահրեզ էին անվանում:Մոտենում ենք,ձեռքներս բուռ արած սկսում անհա՜գ ու երկա՜ր խմել քյահրեզի առատորեն թափվող ջրից,լվացվում ենք,լցնում գլխներիս ու չգիտենք թե է´լ ինչ անենք,որ հագեցնենք նաև հոգիներիս ծարավը:Հաջին նայում է բարի՜աչքերով ու ժպտում հուզված:Քյահրեզի հենց դիմաց, փոքրիկ քարե կամուրջ ունեցող առվակից այն կողմ Վանի պատմության թանգարանն է,որտեղ կան ձեռագործ հայկական ու թուրքական գորգեր,ասեղնագործ ժանյակներ,անկողնու պարագաներ,մութագաներ և այլն:Իսկ քյահրեզի ձախ կողմից դեպի զառիվեր ձգվում է անխնամ,քարքարոտ կածանը,որը տանում է դեպի Վանա բերդի բարձունքը:Բարձրանում ենք:Ամենաբարձր կետի վրա ամրացված է Աթաթուրքի մե՜ծ երկաթիա պատկերը,ինչպես համարիա ամեն մի լեռան,ամեն մի բարձունքի ու ժայռի վրա այդ երկրում: Կանգնած ենք Վանա բերդի վրա:Ներքևում,դիմացներս Վանի նախկին Քաղաքամեջ կոչված տարածքն է,որը Վանի կենտրոնն է եղել:Այնտեղ են գտնվել Վանի շուկան,որտեղ 17-ամիա դաշնակցական Տաճատ Թերլեմեզյանը գնդակահարել է իր դավաճան քեռուն՝ մատնիչ Դավոյին,այնտեղ են եղել կառավարական բոլոր շենքերը,գրադարանը, վարժարանները,եկեղեցիներն ու մզկիթները և զինանոցը:Նայում ենք նախկին Քաղաքամեջին ու տխրում :Չկա այլևս երբեմնի շեն Քաղաքամեջը:Ամենուր անկանոն ,խոտածածկ թմբեր են,որոնք հիշեցնում են նախկինում եղած կառույցների մասին,ընդհամենը մեկ պատ է մնացել զինանոցից,մեկ-երկու կիսաքանդ պատ էլ՝ եկեղեցուց:Հողին հավասարեցրած ահռելի այդ տարածքի վրա կանգուն են միայն երկու մզկիթները,իսկ տարածքը ծածկված է արածող ոչխարների հոտերով:Այնտեղ ոչ մի նոր կառույց գոյություն չունի,թեև ամբողջ Վանը կառուցվում է ահռելի թափով:Նույն պատկերին ականատես եղանք նաև երկրորդ անգամ այցելության ժամանակ՝ 2011-ի ամռանը,թեև այս անգամ, զարմանալի ձևով կառուցվել,մեծացել էր Վանն այնքան,որ իր մեջ էր առել արդեն Շուշանց ու Ավանց գյուղերը:Մի տխու՜ր,չարագուշակ լռություն էր տիրում Քաղաքամեջի վրա:Կանգնած ենք , ձախ կողմում Վարագա լեռն է,աջ կողմում Վանա ծովի արծաթագույն հայելին,իսկ ետևում Վանա Այգեստանն է,որն այս ամբողջ պատկերից առանձնանում է իր յուրահատուկ կանաչով:Այգեստանի տները ուղղակի թաղված են կանաչ ծառների մեջ:

-Այգեստանն է,-ձեռքն առաջ է մեկնում Ափոն-հիմի, էլ առաջվա այգիներն ու ծաղիկ-ծաղկունքը չկան,մերոնք ասում են,որ առաջ անպատմելի են եղել Այգեստանի այգիները:

Հայրս ու Վարդգեսը գլուխներն են ափսոսանքով տարուբերում, իսկ Ափոն ժպտալով դառնում է նրանց՝.

-Մի մտածեք,մի քանի տարի համբերե´ք ու էս սա՜ղ տարածքները նորից Հայաստանինն են

ըլնելու-հաստատուն ձայնով հավաստում է Ափոն:

Այնքան հավատ կա նրա ձայնի մեջ:«Որտեղի՞ց նրան այս հավատը»-զարմանում եմ ես իմ հոգու մեջ ու մտածում՝. «երանի՜ իրականություն դառնար ասածդ»...

Իջնում ենք Վանա բերդից և Ափոն անսպասելիորեն մեքենայի ընթացքն ուղղում է դեպի Այգեստան:

-ՈՒզում եմ հիմի զարմացնել ձեզ-խորամանկ ժպտում է և քիչ անց մեքենան կանգնեցնում մի վարդաշատ տարածքում, գեղեցիկ կառույցի մոտ:Իջնում ենք և կամարաձև քարե մուտքից ներս մտնում:Մեր առջև բացվում է Վանա ծովն իր ամբողջ գեղեցկությամբ:Ափը, բավականին բարձր սալապատված բետոնով, կարծես զսպում է ծովի ջրերին:Տարածքը մաքուր է,խնամված,գեղեցիկ աթոռներ են դրված ամբողջ ափի երկայնքով:Ձախ կողմում,ծաղկաշատ ափից սկսվում ու դեպի ծովի ջուրն է ձգվում տախտակամածը,որի վրա, ձախ կողմում ռեստորանն է:Փաստորեն ռեստորանն ու տախտակամածի մեծ մասը գտնվում են ծովի ջրերի վրա:Ափոն հրավիրում է առաջանալ:Մատուցող քուրդը բացօդիա դրված սեղաններից մեկն արդեն բեռնել է ամեն տեսակի բարիքներով:Տեղավորվում ենք և Ափոն բոլորիս փոխարեն ու բոլորիս համար պատվիրում է՝.

-Խորոված արած Վանա տառեխ բեր:

Քուրդը ժպտում է ու գլխով անում:Անմիջապես ծովից տառեխ բռնելու պատրաստություն են տեսնում և մինչ մենք վայելում ենք աշնանային տաք ու փափուկ արևի ջերմությունն ու զրուցում,մեր սեղանը լրացվում է Վանա խորոված տառեխով:Տառեխը լոկ ուտելիք չէ մեզ ու մեր նման վանեցիների զավակների համար:Տառեխը նշխարհ է,սրբություն է,կարոտի հագեցում...Սա գիտի նաև մատուցող քուրդ երիտասարդը,որը խորհրդավոր ժպիտով է ընդունում պատվերն ու նույն ժպիտով էլ մատուցում:Վանա տառեխների քանդակը դրված է Վանի կենտրոնական հրապարակներից մեկում:Տեսնես մենք երբևէ կսովորե՞նք գնահատել մեր մեծ ու փոքր հարստություններն այսպես,այսպես ցուցադրել,չխուսափելով նորը համեմել հնով,կարևորը՝ թվացիալ անկարևորով...

-Հիմի ձեզ պիտի տանեմ Արտամետ-ասում է Ափոն:

-Արտամետա խնձոր կառնենք ու կտանենք մեզ հետ-վրա եմ բերում ես :

Մեր մեքենան գնում է Վանա ծովի ափով դեպի Արտամետ:Ափն այստեղ քարքարոտ է,ճերմա՜կ,կարծես ժավելաջրով լվացած քարեր լինեն:Կանգնեցնում ենք մեքենան և իջնում:Առանց վարկյան իսկ կորցնելու վազում ենք դեպի ծովի ջրերը:Քարերն այնքան լպրծուն են:Հանկարծ նկատում ենք,որ ջուրն էլ է լպրծուն ՝.«մենք սապոն չէինք կյիտնա ինչ պան ի:Մեր Վանա ծովու ճուր սապոն էր որ կար»-հնչում են տատիս խոսքերը:Ես պահը չեմ կորցնում,մեքենայից բերում եմ երկու օր առաջ փոխած հորս ճերմակ վերնաշապիկն ու սկսում ուղղակի լվանալ:Բոլորը ծիծաղում են:

-Մեր շոֆերները որ գալիս են հեռու տեղերից,հենց էտպես,կեղտոտ,յուղոտ շորերով մտնում են ծովի ջրերի մեջ,մի քիչ կանգնում են ու լրիվ մաքրված դուրս գալիս-բացատրում է Ափոն:

Ես բոլորի հայացքի դեմ եմ պահում հորս լվացած վերնաշապիկն ու մենք ապշում ենք՝ ձյունի պես ճերմակել է,ոչ մի քրտինքի ու կեղտի հետք չկա օձիքին:

-ՈՒրեմն ճիշտ էին ասում մեր մեծերը,մենք էլ գիտեինք,թե կարոտից չափազանցված բաներ են պատմում իրենց Վանի մասին-մեղմ ու զարմացած գլուխն է տարուբերում Վարդգեսը:Դուրս ենք գալիս ջրից և անցնում ճանապարհի հակառակ կողմը:Մրգի փոքրիկ խանութ է:Ամեն տեսակի ու գույնի խնձորներ կան,բայց Ափոն բացատրում է վաճառող տղամարդուն,որ մեզ հա´տկապես Արտամետի խնձոր է պետք:Միջին չափի կիսակարմիր խնձորներով լցված երկու արկղ տեղավորում ենք մեքենայում:Արտամետի խնձո՜րը... հոտն անմիջապես տարածվում է մեքենայում:

Հետո,երբ վերադարձանք Հայաստան,Արտաշատում և գյուղերում ապրող վանեցիների զավակներից նրանք,ովքեր տեղիակ էին,որ Վան ենք գնացել,գալիս ու խնդրում էին մեկ խնձոր,կամ՝ մեկ տառեխ և մեզ հետ բերած ամբողջ խնձորն ու տառեխը նշխարհի նման բաժանեցինք բոլորին:

 

 

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս-10

 

Աքաղաղների կանչն ու մզկիթից լսվող ազանի ձայնը ավետում են, որ լուսաբաց է և մենք արթնանում ենք հանգի՜ստ ու խորը քնից: Քուն, որի նմանը երբեք չի եղել իմ ողջ կյանքում:Այս մասին մտածել ու զարմացել եմ ամբողջ հետագա տարիների ընթացքում:

 

Ո՞րն էր գաղտնիքը:

 

Գուցե գեներով ինձ փոխանցված կարոտն հագեցավ ու կարոտի ցավից թոթափվե՞ց հոգիս,հանգստացա՞վ, ո՞վ գիտե...

 

Երկրորդ լուսաբացն է Վանում: Մենք արագ-արագ վեր ենք կենում, պատրաստվում, որ պետք է վերջապես Մխկներ գնանք:

 

Բոլորս մի տեսակ հուզված ենք,լարված,մի տեսակ խորհրդավոր լռություն է տիրում: Բակում կանգնած մեր մեքենան նստելիս, Հաջին նայում է երկինք ու աղոթքի խոսքեր մրմնջում: Շարժվում ենք: Նորից մտնում ենք կենտրոնական մայրուղի, անցնում Վանա կատուների արձանի կողքով և թեքվում դեպի աջ: Մայրուղու և նրանից աջ գնացող երկրորդական ճանապարհի բաժանման կետում դրված է երկանք աղացող կնոջ մի արձան, այնքան մե՜ծ ու գեղեցիկ,այնքա՜ն բնական:

 

Գլխաշորով կինը նստած, երկանք է պտտում ու ձավար աղում:

 

Ես մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, եթե Երևանից շրջաններ տանող ճանապարհների վրա դրված լինեին ասենք՝ ձծում խփող,կամ՝ լավաշ թխող կանանց արձաններ ու նմանատիպ բաներ, որոնք Հայաստան եկող զբոսաշրջիկների մոտ հետաքրքրություն կառաջացնեին մեր ավանդական կենցաղի մասին:

 

Չ՞է որ արտասահմանյան զբոսաշրջիկներն այսօր միապաղաղ, չոր ու ցամաք Եվրոպաներից ձգտում են գնալ հին ու յուրահատուկ մշակույթ ունեցող երկրներ,գոնե մի կարճ ժամանակ ապրել նրանց նիստ ու կացով,ճաշակել նրանց ազգային ուտեստները:

 

Եվ մինչ մենք ամեն բան անում ենք Եվրոպականանալու համար, Թուրքիան կազմակերպում է բավականին բարձր արժողությամբ հատուկ տուրիզմ իր լեռնային գյուղերում,որտեղ Եվրոպացի տուրիստները գունազարդ փալաններ ունեցող էշերով շրջում են լեռներում, ճաշակում խաղողի թփով փթաթած տոլմա,մարագներում սովորում ոչխար կթել և այլն: Ինչե՜ր չէինք անի մենք, եթե հեռուները նայելու և օտարներին ընդօրինակելու փոխարեն նայեինք ինքներս մեզ ու գնահատեինք մեր ունեցածը:

 

Ճամփեզրին նստած երկանք պտտող կնոջ արձանի մոտից թեքվելով աջ, մենք շարունակում ենք ճամփան դեպի Մխկներ:

 

Չորս կողմը լեռներ են,անմշակ հողեր, ոչխարի հոտեր: Հանկարծ երևում է Արճակ լիճը, կապու՜յտ,գեղեցիկ հայելի, կանաչապատ ափերով: Սկսում եմ մտածել՝ ինչքա՜ն է պապիս հայացքն ուղղվել այս լեռներին ու լճին, քանի՜անգամ է նա անցել այս ճամփով, հիմի ես՝ նրա թոռնուհին, 84 տարի անց եկել ու անցնում եմ այս նույն ճամփաներով, նայում այս նույն լեռներին,նույն լճին:Նայում եմ ու կարծես ինձ հետ, իմ աչքերով նայում են պապս ու տատս,իմ գեներում հավերժաբա՜ր գոյություն ունեցող իմ նախնիք:

 

Գնում ենք առաջ և հետզհետե լեռներն իրենց տեղը զիջում են անմշակ դաշտերին: Միայն հեռվու՜մ երևում են լերկ գագաթներով բլուրներ:Արճակ լճից թեքվում ենք դեպի ձախ,առաջանում դեղնած,չորացած դաշտերի միջով,անցնում երկաթգիծը:

 

Ճանապարհն հանկարծ սկսում է մի փոքր բարձրանալ դեպի վեր և երբ հաղթահարում ենք ճամփի բարձունքն ու հասնում ամենաբարձր կետին,հանկարծ համատարած այդ դեղնության մեջ, միանգամից մեր առաջ բացվում է կանաչապատ օազիսը՝.

 

-Մխկներն է-ձեռքն առաջ մեկնելով ցույց է տալիս մեզ Հաջին:

 

Հայրս միանգամից սկսում է մղկտալ ու արագ էլ լռում է և սրբում արցունքները,Վարդգեսը բերանբաց ժպտում է,ավելի առաջ ձգվելով ու կենտրոնանալով, իսկ իմ սիրտը թունդ է ելնում:

 

Մինչ մենք հուզվում ենք, մեր մեքենան արագ մոտենում է գյուղին և ավելի պարզ են երևում խիտ բարդիները:

 

Սովորական գյուղ է, ա´մենասովորական գյուղերից մեկը, բայց մեզ համար այդպես չէ: Մեզ համար հայտնություն է, իրական հրաշք, փոքրիկ դրախտ: Մեքենան հասնում է գյուղի պռնկին ու կանգնում: Իջնում ենք: Մեզանից ընդհամենը երկու քայլ այն կողմ երկու քուրդ մանուկներ են իրենց հոր հետ կանգնած, որ զարմացած նայում են օտար համարներով մեքենային:

 

Ես՝ Եվրոպայում ապրող հայուհիս, մի տեսակ նախանձ եմ ապրում և մտածում եմ՝.«երանի ձեզ,որ Մխկներում եք ապրում»:

 

-Սիրելի եղբայրս, սա Մխկնե՞րն է,-թուրքերենով քրդին է դիմում Հաջին:

 

-Հա,Մխկներն է-գլխով անելով, դարձյալ թուրքերենով պատասխանում է քուրդը: Միայն հետո է Հաջին բացատրում,որ միմյանց չճանաչող քրդերն իրար հետ քրդերեն լեզվով չեն խոսում,զգուշանում են՝ հանկարծ թուրքը չիմանա:

 

Քրդերեն խոսում են միայն գյուղերում,նույն գյուղի բնակիչները միմյանց հետ,կամ մտերիմ քուրդ մարդիկ: Մինչ Հաջին զրույցի է բռնվում քրդի հետ, ես սկսում եմ ուսումնասիրել հարյուրամիա կավաշեն տներով Մխկները:

 

Այստեղ բացարձակ ոչ մի նորակառույց տուն գոյություն չունի:Հարյուր և դեռ ավելի տարիներ առաջ կառուցված մեր հայկական կավե,անկտուր,ցածլիկ տներին տիրացել են քրդերն ու այդպես էլ ապրում են մինչ օրս:

 

Նորը, միայն հատ ու կենտ այս ու այն տան կավե տանիքներին երևացող մեծ ու ձվաձև ալեհավաքներն են:

 

Հենց մեր դիմաց, խիտ ու հաստաբուն բարդիներից այն կողմ երևում է կլորավուն, ազատ մի տափարակ, իրեն կից աղբյուրով:

 

Քուրդ կանայք ջրի հերթի են կանգնած և հետաքրքրությամբ մեր կողմն են նայում:

 

-Մխկներու ս.Հարություն եկեղեցին, հենց գեղի սկզբին էր,կանա՜չ խոտերու մեջ,բարդի ծառներու մոտ, ին-չոր պատի տակն էլ աղպուր կեր, ճուր՝ անու՜շ, անու՜շ-ականջներումս հնչում է պապիս ձայնն ու ես հասկանում եմ,որ աղբյուրի հարևանությամբ եղող տափարակը, հենց հիմնահատակ ավերված եկեղեցու տեղն է:

 

Ամեն բան նույնն է, չկա միայն եկեղեցին: Երկու քայլ առաջանում եմ,ոտքերիս տակ զմրուխտին տվող կանաչն է: Զարմանալի է, թե ինչպե՞ս այս համատարած չոր, դեղնավուն շրջապատում, ճամփան վերջանալուց հետո, անմիջապես սկսվում է այսքան փարթամ զմրուխտյա խոտածածկույթ: -Տոն օրերուն, Զատկի տոներուն,ամբողջ գեղ մեկ մարդու նման տյուս կյիկեր, գերդաստաններով կնստեր գեղի սկիզբ էղող կանաչներու մեջ, խաց կուտին, քեֆ կանին, զուռնա-դհոլ կզարկին ու կպարի՜ն-նորից լսելի է դառնում պապիս ձայնը-իրեք տուն քյուրդ էր,մնացած խայեր էին, խաղա՜ղ,խաղաղ էր մեր գեղ ու համերաշխ, մենակ, երբ որ թուրք ասկյար կմտներ գեղ, ամեն բան կխառնվեր իրար:

 

-Մեր գեղի սկիզբ բա՜նձր բադու ծառեր կային-այս անգամ լսելի է լինում Վարդգեսի մոր՝ Արուս տատի ձայնը-1915 թ.-ի Վանի ինքնապաշտպանություն որ պրծավ,կամավորներ չցրվան ուրենց տներ:Թուրք սսկված էր, բայց զգուշավոր:

 

Հակոբ մեկ-մեկ կյիկեր տուն, մե գիշեր կմներ, հետո կերթար, ինչի՞ կյիկե՞ր, ու՞ր կերթա՜ր, հեչ մարթ չէր կյիտնա:

 

Մեր գեղեն էրկու կամավոր կար, մեկ մեր Հակոբն էր, մեկն էլ գեղապետի տղեն:

 

-Հակոբ պապիս մասին իր պատմությունն է ականջներիս մեջ հնչեցնում Արուս տատի ձայնը:

 

-Մեկ օր էլ, առավոտ լուսուն ասկյար լցվավ գեղ, մտան մեր տնեն տարան Հակոբին ու գեղապետի տնեն էլ՝ ինոր տղուն, տարա՜ն, գեղի դեմ էղող բարդի ծառերեն կապին ինոնց:

 

Գեղ խառնվավ իրար:Ասկյար իմացեր էր,որ Հակոբ ու գեղապետի տղեն կամավոր ին կնացի ու Վանի մեջ կռվիր ին ուրանց տեմ, հետևեր ին, լցվեր ին գեղ ու պռներ ին:

 

Հակոբ որ տուն կյիկեր, ուր թվանք ու մաուզեր կպախեր, հեչ մարդ չէր կյիտնա թե ուր պախեց:

 

Ասկյարներու ճոչ էնոնց կապեց ծառերեն, ասկյարներ ուրանց թվանքներ քյաշին Հակոբի ու գեղապետի տղու վրան, կայնան:

 

Սաղ գեղ վախեն մտավ տներ, տուռ-դարպաս փակեց:

 

Գեղապետ ու մեր խորոխպեր Բաղդոն իլան կնացին ասկյարներու մոտ:Իտոնց ճոչավորի խետ խոսացին, էն ասավ 80 ոսկի պյիրեք տվեք, ես իմ ասկյարներուն վերցիմ էթամ:

 

Գեղապետ չտվավ, վախցավ:

 

Վախցավ համ ուր ոսկին էրթա կորի, համ էլ տղեն:

 

Մեր խորոխպեր Բաղդոն ասավ ասկյարներու ճոչին՝.

 

-Կայնի,ես կպիրեմ կիտամ քյո ուզած ոսկին: Բաղդոն պիրեց 80 ոսկի տվավ,Հակոբին ու գեղապետի տղին ազատեց ինոնց ծեռեն... Արուս տատի ձայնն իմ ունկների մեջ,ես ուշադի՜ր զննում եմ բարդենիներն ու մտածում. «տեսնես այս բարդիներից որի՞ն է կապված եղել պապս,ո՞ր բարդենին է սրանցից,որ զգացել է պապիս թիկունքի ջերմությունը»:

 

Արուս տա՜տը...Բարի՜,գեղեցի՜կ,բարձրահասա՜կ,սպիտակամորթ ու խաժաչյա:Նա իրականում Հակոբ պապիս հորեղբոր աղջիկն էր և նրա աղջիկներն ու որդին՝ Վարդգեսը,մինչև իմ պապու մահը նրան քեռի էին անվանում ու բացարձակ խոնարհ էին պապուս առաջ:

 

-Վանի կռիվ պրծավ-նորից կենդանանում է Արուս տատի ձայնը-մեկ օր էրկու ծիավոր կայնան մեր տուռ:Մեկ Հակոբն էր,մեկ էլ ինոր կամավոր ընգեր:

 

Հակոբի կյալու լուռ առանք,մենք խառնվանք իրար՝ ճաշ իջացրինք թոնիր,ղավուրմա քանդինք, տան խարսներ սեղան քցին: Ես 13-14 տարու աղջիկ էի, կամչնայի, Հակոբի տեմ չէի կայնի: Տղամարդիկ խաց կիրան պրծան,մեկ էլ ընձի ասին,թե Հակոբ կկանչի քեզ, Արուս:

 

Ես իմ կլոխ կախ, կնացի կայնա Հակոբի տեմ, իմ աշկեր վեր չառի, չնայի ինոնց,կ ամչնայի: Հակոբ ասավ՝.

 

-Արուս, էս տղուն կտիսնա՞ս, շատ քաջ տղա ի, անուն Վարդան ի:

 

Միասին կկռվինք Վան, ես ինոր խոստացա, որ կռիվ պրծնի, թե կենդանի մնանք, պարեկամ պիտի տառնանք:

 

Արու´ս, էս կյիշեր կերթաս կմտնիս էս տղու ծոց, էսօրվանեն էնի քյո մարդն ի:

 

-Հանկարծ տեսիլքի պես ինձ երևում է Արուս տատի դեմքն իր բարի՜,բարի՜աչքերով ու անհետանում,իսկ ձայնը շարունակում է՝.

 

-Ես վո՞վ իմ,որ Հակոբու խոսք չլսիմ:Էտ կյիշեր ես կնացիմ սուս ու փուս մտամ էտ տղու ծոց, տառցամ ինոր կնիկ, բայց ոչ ինոր էրես տիսամ,ոչ ճանչցամ ինոր:

 

Մենակ էն ինձի ասաց. քյա Արուս, տու իմ սրտին շատ տյուր էկար, տու խորոտ ես Արուս:

 

Առավոտ արև չծագած,Հակոբ առավ ուր ընգեր, ծիեր թամքան ու կնացին: Էտ օր տան խարսներ, որ տիսեր ին Վարդան,ինձի ասին թե ինչ մարդ էր էնի:

 

Մեր տան դրվածք շա՜տ խիստ էր, տան մեջ ամեն մարդ կյիտեր ուր գործ-շարունակում է Արուս տատի կենդանացած ձայնը-մենք գերդաստանով կապրեինք, 13 տունինք ամբողջս,բայց միասին,նույն բակի մեջ ու միասին էլ տնտեսություն կվարինք:

 

Տան ճոչ Բաղդոն էր ու իր կնիկ Անթառամ:Ասածներն օրենք էր:

 

Մեր տան մեջ 7 օրորոց կեռթեր կյիկեր:Ճիժ որ կճվար,խարսներեն որ մեկ որ պարապ էր,կվազեր ծիծ կիտեր, իմ ու քյո չկա՜ր մեր տան մեջ: Լուս չպացված, առավոտուն խավխուսոց, մենք ոտի կելնինք, թոնիր կվառինք, խաց կթխինք:

 

Մեր 13 տուն միասինին ու բաժանված չին ցանկապատով, մենք մե ընդհանուր բակ ունինք, ինոր կենտրոն մե մե՜ծ սալքար կար տրած:

 

Անթառամ ամեն առավոտ կպիրեր, ինչքան որ աշխատող տղամարդ կար տուն, էնքան ղավուրմա, պանիր, ծու, խաց ու ճուր կտներ էն սալքարին:

 

Տան տղամարդիկ կյիկեին,մեկ-մեկ կվերցեին ուրանց բաժին խաց ու կեռթեյին հանդ աշխատելու:Մեկ օր էլ, Հակոբ Վանեն էկավ տուն, կարգադրեց որ իմ բողչեն կապիմ:

 

Էնի լսեր էր,որ դրություն լավ չի,ռսի զորք կթողնի Վան,գաղթ կսպասվի: Բայց մենք չինք կյիտնա:Էտ իրիկուն,մեր խորոխպեր Բաղդոն խավքեց մեզ մեկտեղ:Ինոր առաջ իրեք մեծ պուտուկ կար տրած:

 

Ասավ մեզ՝.

 

-Ամենքտ լավ նայեք իսոնց:Էս պուտուկներու մեջ մեր տներու ոսկին ի լցված: Գաղթ կսպասվի:Հիմի ամենքս մեկտեղ կփորենք ու կխորենք էս ունեցվածք, թող ամենքիտ հայտնի լինի իսոնց տեղ:

 

Թե որ փրկվա՜նք ետ էկանք, էլի մերն ի, թե չէ, ով որ կփրկվի ետ կյիկա, թող էն խանի ու հավասար բաժնի տան փրկված անդամներու մեջ: Ասավ ու ելան տան տղամարդիկ էտ կյիշերով իրեք տարբեր տեղեր փոս փորին, պուտուկներու բերնին քարեր տրին ու բոլորիս աշկի առաջ ոսկին խորին:

 

Առավոտ Հակոբն առավ ինձի,սելով տարավ Խորգոմ, հանձնեց իմ մարդի մորն ու քուրերուն, ասավ՝.

 

Արուս ձեր խարսն ի, Վարդանի կնիկ, պիրեր իմ:

 

Էնոնք կճանչնային Հակոբ, ուրխցան, առան ինձի տարան վերին օթաղ:

 

Մնացիմ մեկ, երկու ամիս, էլի Վարդանի իրես չտիսամ, զինվոր էր, տուն չէր իկյա:

 

Մեկ օր էլ հրաման էկավ , որ գաղթ սկսվիր ի: Էլանք մեր շորեր բողչա էրինք ու միացանք գաղթին:Կնացի՜նք խասանք Բերկրիի կամուրջ: Կռիվ, կոտորա՜ծ,մեր մանուկ կուրանար: Գիշեր հրաման էկավ որ սսկվինք նստինք:Ես նստածիմ իմ տալերու խետ, մեկ էլ մե մարդ գրկեց իմ կլոխ ու շալիս վրայեն իմ կլոխ պաչեց:

 

Ես իմ ծեռներով փակիմ իմ աշկեր ու ասիմ՝.

 

-Վա՜յ, տնավե՜ր, էտ ի՞նչ արիր, ես կարգված իմ, մարդ ունիմ:

 

-Մթան մեջ էն մարդ ասավ իմ ականջին՝.

 

-Սուս արա Արուս, ես քյո մարդն իմ, Վարդանն իմ:

 

-Ասավ ու կնաց, էլ չտիսամ ինոր: Բերկրիեն կնացինք Պարսկաստանի Սալմաստ քաղաք,էնտեղից էլ՝ Բաղդադ:

 

Բաղդադ որ անգլիացին վրաններ տվեց,տեղավորեց խայերուն, ամեն պան խաղաղվավ,մեկ օր տիսամ, մե բոյով մարդ, թվանքն ուր ծեռ, մտավ վրանեն ներս: Իմ տալեր խառնվան իրար, ուրխցան , ինձի ասին՝.

 

-Արուս, մոտ արի, էս մեր ախպերն ի, Վարդանը:

 

-Նոր էտ վախտ տիսա, ճանչցա իմ մարդ:

 

Հետո էկանք խասանք Հայաստան,իմ սրտին շատ տուր էկան կոլխոզներ:Կոլխոզներու դրվածք ճիշտ մեր գերդաստանու դրվածքին կնմաներ:Ես երկու աղջիկ ու մե տղա ծնիմ Վարդանի խամար:Էնի շա՜տ լավ մարդ էր,ու մինչև վերջ էլ շա՜տ կհարգեր Հակոբին:

 

41 թվին կնաց կռիվ ու զոհվավ...

 

Արուս տատի ձայնը լռում է և ես շուռ եմ գալիս ու մի փոքր երկա՜ր նայում Վարդգեսին՝ Արուսի և Վարդանի միակ արու զավակին,որը ժառանգել էր իր ծնողների գեղեցիկ կազմվածքն ու անսահմա՜ն բարությունը:

 

Երբ Մխկներում էինք, մենք գիտեինք, որ Վարդգեսն արդեն տառապում է անբուժելի հիվանդությամբ, իսկ նա, Վանում շրջագայելու ամբողջ ժամանակ , շարունակ կրկնում էր՝.

 

-Էհ,սրանից հետո ի՜նչ կուզի թող ըլնի,ջհանդամին թե չեմ մեռնի, եկամ, Վանը տեսամ,Մխկները տեսամ,էտ ինձ հե՜րիքա:

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

( Շարունակելի )